Ադրբեջանը տարածաշրջանում իրականացվող նախագծերի ակտիվ մասնակից է։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։
Նա նշել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության աշխարհագրական դիրքը, տնտեսական ներուժն ու էներգետիկ ռեսուրսները լայն հնարավորություններ են ստեղծում միջազգային տրանսպորտի, առևտրի և էներգետիկ անվտանգության ոլորտներում նրա դերի հետագա ամրապնդման համար.
«Ադրբեջանն այս ուղղությամբ իրականացվող տարածաշրջանային նախագծերի ակտիվ մասնակից է։ Միջին միջանցքի զարգացումը, Զանգեզուրի միջանցքի իրագործումը և մեր երկրների միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը կմեծացնեն մեր տնտեսական հնարավորությունները»։
Բայրամովի խոսքով՝ գլխավոր նպատակն այդ հնարավորություններն օգտագործելն է ոչ միայն տարանցման, այլև փոխադարձ առևտրի, արդյունաբերական համագործակցության և ներդրումների զարգացման համար։
«Էներգետիկայի, թվային կապերի և նոր տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցությունը նոր բովանդակություն է ստանում։ Ադրբեջանը ոչ միայն ավանդական էներգառեսուրսների հուսալի մատակարար է, այլև կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև «կանաչ» էներգետիկայի և թվային կապերի ստեղծման գործում», — ասել է Բայրամովը։