«Աշխարհում չկա դեպք, երբ մեկ սուվերեն պետություն մեկ այլ սուվերեն պետության սահմանադրության հարց դնի»․ Արամ Վարդևանյան

«Ընդհանրապես աշխարհում չկա դեպք, երբ մեկ սուվերեն պետություն մեկ այլ սուվերեն պետության սահմանադրության հարց դնի։ Ի բնե դա չի կարող լինել։ 2025 թվականի օգոստոսի 11-ին նման բան ևս չի եղել, եղել է երկու հարց՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրում և դրան հաջորդող ԹՐԻՓՓ համաձայնագիր։ Ի դեպ, համաձայնագրի նախաբանը, կարծում եմ, շատ քչերն են ուսումնասիրել՝ ԹՐԻՓՓ-ի նախաբանը խոսում է խաղաղության ինստիտուցիոնալ բնույթին հաջորդող ժամանակահատվածի մասին։ Իսկ ո՞րն է ինստիտուցիոնալ բնույթը՝ խաղաղության համաձայնագրի առկայությունը, որը չկա, որը դեռևս գոյություն չունի։ Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ընթացքում մի պարզ հարցադրում հնչեց՝ ո՞րն է այն կանխավարկածը, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից լրացուցիչ կամ անվերջանալի պահանջներ չեն ներկայացվում։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի»,- ԱԺ նստաշրջանում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա նշեց՝ ամբողջ նախընտրական շրջանում, երբ հայ մարդուն ներկայացվում էր դիրքորոշում, թե «տեր կանգնիր խաղաղությանը, խաղաղությունն այլևս գոյություն ունի,այլևս կոնֆլիկտային իրավիճակ առկա չէ», ստացվում է՝ սուտ էր։ Այնքան հարցեր կան, որոնց սպառիչ լինելու վերաբերյալ արձանագրում չի կարողանում կատարել Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այլ կերպ ասած, սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք ծայրահեղ անորոշության մեջ, և այս իշխանությունները դա արձանագրել են իրենց իսկ կողմից՝ որոշակի իմաստով հայտնվելով հենց այն ծուղակում, որից իրենք փորձում էին խուսափել։ Խուսափելն էլ ինչպե՞ս էր իրացվում՝ հայ հասարակությանը ոչ ամբողջական, իսկ տեղ-տեղ կեղծ տեղեկություն տրամադրելով։ Եթե հայ հասարակությունը իմանար, որ 2026 թվականի սեպտեմբերին, եթե ոչ մի սահմանադրական բարեփոխում էլ չլինի, աղետալի պատերազմ չի լինելու, եթե հայ հասարակությունը իմանար, որ «300 000 ադրբեջանցի», «արևմտյան Ադրբեջան», անկլավ-էքսկլավ, այս բոլոր հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը պատասխան չունի, հայ հասարակության քվեն լինելու էր այլ։ Այն, որ չնայած այդ ամենին, այս իշխանությունը 50%+1 քվե չի ստացել, և դա փաստ է, խոսում է հասարակության արձագանքի մասին։ Իրավիճակն այլ կլիներ, եթե այս խոսույթը չլիներ, այս կեղծ տեղեկությունը չլիներ։ Ու մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ նույնիսկ այլևս ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացված է, բայց խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ոչ մի կանխատեսելիություն չկա»,- նշեց Վարդևանյանը։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment