«Ինձ ոչ մեկը հրահանգ չի տվել»․ Նարեկ Բաբայանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

«Ինձ ոչ մեկը հրահանգ չի տվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ ինքը չի եղել խորհրդարանում երեկվա ծեծկռտուքի գլխավոր հերոսը, լրագրողներն են դա տարածում։

Լրագրողներն այսօր իշխող ուժի ներկայացուցիչներից հետաքրքրվում էին՝ իրենց հատու՞կ են բերել են Ազգային ժողով, որ այդպես ծեծկռտուք սարքեն, ընդդիմադիրներին ծեծեն։

Նարեկ Բաբայանը հակադարձեց․ «Ինձ չեն բերել»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը քաջալերում է ՔՊ-ականների պահվածքը, գուցե խոստացել են նաեւ պարգևավճարն ավելացնել, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Ես պարգևավճար չեմ ստանում, որ ավելացնեն կամ չավելացնեն»։

Այլ հարցերի իշխող խմբակցության պատգամավորը չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում երեկ ծեծկռտուք տեղի ունեցավ ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր գալիս, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված էր։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի րոպե հետեւում էր ծեծկռտուքին, հետո ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment