Քննիչն կրկին հարցաքննել է Անի Ավետիսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակչուհի Անի Ավետիսյանը, որն ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով հրազենային վնասվածքներ էր ստացել, դեպքից հետո առաջին անգամ հարցաքննվել է վերակենդանացման բաժանմունքից դուրս։

Քննիչը նրա հետ մոտ երկու ժամ է անցկացրել հիվանդանոցում, որտեղ կինն արդեն գրեթե մեկ ամիս է գտնվում և պատրաստվում է ոտքի երրորդ վիրահատությանը։

«Առաջին հարցաքննությունը վերակենդանացման բաժանմունքում էր, բայց այն ժամանակ ես շատ ծանր վիճակում էի և չէի կարողանում պատասխանել հարցերին։ Հիմա քննիչը նորից է եկել»,- պատմել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ վիրավորումից հետո թոքերում հեղուկ էր կուտակվել, որը հաջողվել է հեռացնել դեղորայքային բուժման միջոցով։ Այժմ բժիշկները սպասում են հետազոտությունների արդյունքներին, որից հետո կնշանակեն ոտքի հերթական վիրահատության օրը։

«Այն, որ մինչև հիմա գամված եմ անկողնուն, ինձ համար շատ ծանր է։ Բայց ճարս ինչ։ Սա էլ փորձություն է, և ես այն կհաղթահարեմ»,- ասել է կինը։

Ավետիսյանը պատմել է, որ կարոտում է երեխաներին, որոնք գալիս են իրեն տեսակցության։ Առաջիկա օրերին՝ նոյեմբերի 7-ին, նրա ծննդյան օրն է, իսկ նոյեմբերի 10-ին՝ դստեր ծննդյան օրը։ Երկու օրն էլ նա ստիպված է լինելու անցկացնել հիվանդանոցում։

Կինը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու բուժքույրերին՝ հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն և հետաքրքրվում իր վիճակով։ Առանձին շնորհակալություն է հայտնել ծնողներին, որոնք այժմ հոգ են տանում իր երեխաների մասին, ամուսնուն։

Միաժամանակ Անի Ավետիսյանը լրագրողներին խնդրել է բուն դեպքի մասին իրեն չհարցնել. կատարվածի հիշողությունները շարունակում են ուժեղ ցավ պատճառել նրան։

«Երբ լրագրողները գալիս են, ես շատ շնորհակալ եմ նրանց ուշադրության համար։ Բայց խնդրում եմ հետաքրքրվել միայն իմ առողջությամբ, ուրիշ ոչ մի բանի մասին չհարցնել։ Մինչև հիմա չեմ կարողանում մտքիցս հանել կատարվածը, լսում եմ դստերս ճիչերն ու չեմ կարողանում զսպել արցունքներս»,- խոստովանել է նա։

Չնայած ծանր վիճակին և ապրածին՝ Անի Ավետիսյանը չի կորցնում ապաքինվելու հույսը։ Նա պատմել է, որ ամեն օր աղոթում է իր երեխաների, հարազատների և սեփական առողջության համար։ Կինը նաև շնորհակալություն է հայտնել Սիսիանի եկեղեցու քահանային, որն այցելել է իրեն և Երուսաղեմից բերված խաչ նվիրել։

«Ես չեմ հուսահատվում։ Բժիշկների, նրանց լավ վերաբերմունքի ու հոգատարության շնորհիվ ես ոտքի կկանգնեմ և կրկին կկարողանամ քայլել»,- ասել է նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am-ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։

NEWS.am

Leave a comment