ՀՀ պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատացել արդեն մի քանի ամիս միայն պառկած լինելու հետևանքով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է ու այդ օրվանից առհասարակ պառկած է, քանի որ հիվանդությունները թույլ չեն տալիս ինքնուրույն տեղաշարժվել։ Դրա հետևանքով նրա մոտ առաջացել են պառկելախոցեր, թոքաբորբ։ Չեմ խոսում իր հիմնական հիվանդություններից առաջացող լուրջ խնդիրների մասին։ Մենք բազմիցս դիմել ենք, որ Գագիկ Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխվի, այնտեղ համապատասխան բուժում իրականացվի, բայց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը մինչև հիմա չի տեղափոխել ԲԿ։ Ներսում էլ անհրաժեշտ բուժումները նույնպես չեն արվում»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց` իրենց պարբերաբար վստահեցնում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված բուժսարքավորումները տրամադրվել են, բայց Խաչատրյանն ի վիճակի չէ դրանցից օգտվելու։ Պաշտպանական կողմի նպատակն է, որ թույլատրվի ՊԵԿ նախկին նախագահին տեղափոխել հիվանդանոց, ինչը որոշ չափով կթեթևացնի իրավիճակը, կկանխի պառկելախոցերի և թոքաբորբի հետագա բարդացումները։
Դիմումները ներկայացրել են, սպասում են պատասխանի։
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի խցին, ապա Սարգսյանը նշեց, որ իրենց գրությունների հիման վրա ՄԻՊ–ի նախաձեռնած վարույթի շրջանակում որոշակի դրական տեղաշարժ նկատվում է, բայց դա բավարար չէ։
«Իրենք ասում են, թե անվասայլակ են տրամադրել, բայց ոնց որ ասեն` կույրին արևային ակնոց ենք տալու։ Ի՞նչ է տալու դա, եթե ինքնուրույն չի կարող մարդն օգտվել դրանցից»,– նշեց փաստաբանը։
Սարգսյանի խոսքով` պետք չէ ձևական ինչ–որ բաներ ցույց տալ, այլ պետք է հստակ գործողություններ իրականացնել անձի վիճակը գոնե մի փոքր թեթևացնելու, հետագա բարդացումներն էլ բացառելու համար։ Որպես այդպիսին, փաստաբանի խոսքով, բուժում չեն տրամադրում, միայն խնամակալ է նշանակված, որն օգնում է մի փոքր վիճակը թեթևացնել։
Նշենք, որ վաղը՝ ժամը 17։00-ին, Հակակոռուպցիոն դատարանում քննարկվելու է Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։
Սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։