ՌԴ-ին համաշխարհային գազի շուկայից դուրս մղելու փորձերը լուրջ հետևանքներ կունենան․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաշխարհային գազի շուկայի առանցքային դերակատարներից է, և երկիրը շուկայից դուրս մղելու ցանկացած փորձ կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև այլ պետությունների համար։ Այս մասին նա խոսել է Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) ութերորդ գագաթնաժողովի լիագումար նիստում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով, իսկ երկրի հեռացումը համաշխարհային գազի շուկայից կարող է հանգեցնել այլ պետությունների ծախսերի ավելացման։

ՌԴ նախագահը քննադատել է նաև Եվրոպայի՝ ռուսական գազից հրաժարվելու քաղաքականությունը՝ հայտարարելով, որ այդ քայլով եվրոպական երկրներն իրենք են վնասում իրենց արդյունաբերությանն ու սոցիալական ոլորտին։

Անդրադառնալով էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությանը՝ Պուտինը «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցումները որակել է որպես ուղղակի ահաբեկչական գործողություններ։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է բնական գազի կարևորությունը համաշխարհային էներգետիկ համակարգում։ Նրա խոսքով՝ մոլորակի էներգետիկ հաշվեկշռի մոտ մեկ քառորդը բաժին է ընկնում գազին, և միջազգային առևտրում դրա դերը հետագայում ևս կաճի։

Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է որոշում՝ էներգիայի արտադրության որ տեսակներն են իր համար առաջնահերթ, սակայն բնական գազը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկայի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Պուտինն անդրադարձել է նաև գազի համաշխարհային շուկայի խնդիրներին։ Նրա գնահատմամբ՝ ներկայումս հիմնական մարտահրավերներից մեկը մատակարարումների խափանումն է, որի հետևանքով շուկայում զգալիորեն նվազել են առաջարկվող ծավալները։

ՌԴ նախագահի խոսքով՝ գազի համաշխարհային առևտրի շուրջ կեսն արդեն բաժին է ընկնում հեղուկացված բնական գազին (ՀԲԳ), ինչը վկայում է էներգակիրների մատակարարման կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը դիտարկում է ԱՄՆ-ի հետ Արկտիկայում համատեղ աշխատանքների հնարավորությունը։ Այդ ուղղությամբ համագործակցությունը կարող է ներառել տարածաշրջանի էներգետիկ ներուժի օգտագործման հետ կապված նախագծեր։

Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովի հիմնական նպատակներից է համաշխարհային գազի շուկայի իրավիճակի քննարկումը, մատակարարումների հուսալիության ապահովումը և էներգետիկ ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը։ Ֆորումը միավորում է գազի խոշոր արտադրող և արտահանող պետություններին, որոնց բաժին է ընկնում աշխարհի ապացուցված գազի պաշարների շուրջ 70 տոկոսը։

Leave a comment