Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնն ԱՄՆ EXBS ծրագրի և S2 Global-ի համատեղ ջանքերի արդյունք է. Էդուարդ Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնին։ Ողջունելով տիկին Ուիլսոնին՝ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ երկարամյա գործընկերությունը, մասնավորապես՝ Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունը, որը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի մաքսային ծառայության զարգացման, սահմանային անվտանգության ամրապնդման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման գործում։

Շոնա Ուիլսոնն իր հերթին կարևորել է երկկողմ համագործակցության արդյունքները՝ նշելով, որ այն նպաստում է ինչպես տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են ընդհանուր ծրագրերն ու դրանց առաջընթացը, այդ թվում՝ CertScan ծրագրի ներդրման, ռիսկերի կառավարման համակարգի, սահմանային անցման կետերին մաքսային արդի սարքավորումների տրամադրման, ինչպես նաև նոր տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում համագործակցային ծրագրերը։

Այցի շրջանակում նաև իրականացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքի գործնական ցուցադրություն՝ կառույցի աշխատանքներին և տեխնոլոգիական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի, S2 Global ընկերության, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկարամյա համագործակցությունը՝ ընդգծել է․ «Կենտրոնի ստեղծումը ԱՄՆ EXBS ծրագրի և S2 Global ընկերության հետ շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի, տեխնիկական խորհրդակցությունների և համակարգված ջանքերի արդյունք է, որոնց հիմքում ընկած է եղել սպառնալիքների հայտնաբերման կարողությունների ամրապնդման, մաքսանենգության դեմ պայքարի և պատկերների կենտրոնացված վերլուծության ու առաջադեմ տեխնոլոգիական լուծումների միջոցով սահմանային ստուգումների արդյունավետության բարձրացման ընդհանուր նպատակը։ Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ այս համատեղ տեսլականը վերածվել է շոշափելի ձեռքբերման՝ Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքներով և ապահովված է հատուկ վերապատրաստում անցած մաքսային ծառայողներով»։

ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնը շնորհավորելով գերժամանակակից կենտրոն ունենալու կապակցությամբ, ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն էապես խորացրել են իրենց հանձնառությունը՝ հանուն կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության ապահովման․ «ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով CertScan համակարգում կատարված 3.5 միլիոն դոլարի ներդրումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության առանցքային արդյունքներից է, որը հնարավորություն է տալիս խոսքերը վերածել գործնական քայլերի։ Այն անմիջականորեն նպաստում է ԹՐԻՓՓ նախաձեռնության նպատակների իրականացմանը՝ ապահովելով իրական ժամանակում տեղեկատվության ստացում, հիմնավորված որոշումների կայացում և քաղաքացիների անվտանգության ու վստահության ամրապնդում։ Ակնկալում եմ մեր գործընկերության շարունակական զարգացումն ու հետագա համատեղ աշխատանքը»։

S2 Global ընկերության ներկայացուցիչ Ռենդի Բարնբին անդրադառնալով CertScan համակարգի գործառնական հնարավորություններից՝ ընդգծել է, որ այն արդեն կիրառվում է Հայաստանի մի շարք սահմանային անցակետերում՝ ապահովելով տվյալների միասնական վերլուծություն, աշխատանքների թափանցիկություն և հետագծելիություն․ «CertScan համակարգը ներդրվել է արդեն 21 երկրում, սակայն Հայաստանի թիմի աշխատանքն իսկապես տպավորիչ է։ Մեր գործընկերները ձգտում են ոչ միայն տիրապետել ծրագրային ապահովմանը, այլև խորությամբ հասկանալ համակարգի աշխատանքի բոլոր բաղադրիչներն ու տեխնիկական սկզբունքները։ Այս նվիրվածությունն ու մասնագիտական մոտեցումը կարևոր են համակարգի արդյունավետ կիրառման և Հայաստանի մաքսային ծառայության աշխատանքների կատարելագործման համար»։

Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնը գործարկվել է 2026 թվականի մայիսին և հնարավորություն է տալիս Երևանից կենտրոնացված եղանակով մշտադիտարկել սահմանային տարբեր անցման կետերում տեղակայված ռենտգենյան սարքավորումների աշխատանքը և իրականացնել ստացված պատկերների երկաստիճան վերլուծություն՝ ապահովելով մաքսային հսկողության գործընթացի հետագծելիությունն ու արդյունավետությունը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment