ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձում անդրադառնալով երեկ կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններին՝ մասնավորապես ասել է. «Տեղական ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր ընդամենը մեկ տարածաշրջանում, մեկ համայնքում, և հիշում եմ, որ շատ էին քննադատում, թե ինչու ենք մենք մեկ համայնքում մասնակցում։ Եկեք նայենք տարբերությունը՝ որտեղ մասնակցել ենք, ինչ ցուցանիշ է, և որտեղ չենք մասնակցել, ինչ ցուցանիշ է։ Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել, կարելի է ասել՝ ամենացածր տոկոսն է հավաքել, և ընդամենը երկրորդ տեղը գրավելով՝ չի կարողացել հասնել հաղթանակի։
Բացի դրանից, նա հիմա ստիպված է բանակցություններ վարել, որպեսզի իրեն կոալիցիայոն որևէ տեղակալի պաշտոն տան։ Կուսակցությունը քաղաքապետի պաշտոն չի ունենա, կունենա միայն տեղակալի պաշտոն՝ ընդամենը մեկ տարածաշրջանում։ Սա ցույց է տալիս, որ որտեղ կա «Ուժեղ Հայաստանը», այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են։ Բայց միևնույն ժամանակ ինձ նաև մտահոգում է մյուս տարածաշրջաններում տիրող վիճակը, որը մենք պարզ պատկերացնում էինք, բայց ուզում էինք, որ մեր հանրությունն էլ պատկերացներ. որտեղ չկա «Ուժեղ Հայաստանը», այնտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանում է լիակատար դոմինացիա ստանալ ճնշումների արդյունքում։
Միակ ուժը, որ կարողանում է էֆեկտիվ պայքարել հողի վրա, միակ ուժը, որ կարողանում է կազմակերպել այդ պայքարը, այս պահին քաղաքական դաշտում, ես համարում եմ, որ մնացել է «Ուժեղ Հայաստանը», և մեր աշխատանքից է կախված, թե որքանով ենք մենք սահմանափակելու հնարավորությունները, կտրելու թևերը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: