ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 28․5%, որը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 0․6 տոկոսային կետով։
Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 1․2 տոկոսային կետով և կազմել՝ 32․8%:
Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 42․5%, որն 2025 թվականի մարտի համեմատ աճել է 1․6 տոկոսային կետով։
Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 35%, որը 6.8 տոկոսային կետով ցածր է 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։
Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 1․3 տոկոսային կետով, կազմելով՝ 32․7%:
Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են: