Ո՞վ է Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը, մանրամասներ՝ քրեական գործից

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը Հենրիկ Ենոքյանն է, որը կալանավորվել է խարդախության քրեական գործով։

Մասնավորապետ Հենրիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անձամբ օգտագործելու նպատակով կեղծել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթղթեր և Կարապետ Ալրիկի Մուրադյանի անվամբ վերջինիս պատկանող «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակի միջոցով բանկերից մեկով ձևակերպել է վարկ, այնուհետև հափշտակել այդ գումարի մի մասը։

Այսպես, 2025 թվականի ապրիլի 24-ին Հենրիկ Ռաֆիկի Ենոքյանը Երևան քաղաքի Պարոնյան փողոցից, իբրև ուղևոր նստելով Կարապետ Ալբիկի Մուրադյանի կողմից որպես տաքսի շահագործվող «Մերսեդես Բենզ» մակնիշի XX QV XXX հաշվառման համարանիշի ավտոմեքենան ուղևորվել է դեպի Վաղարշապատ համայնքի Զվարթնոց բնակավայր։ Ուղևորության ընթացքում Հենրիկ Ենոքյանը, «Յանդեքս» հավելվածում փոփոխություններ կատարելու կեղծ պատրվակով ստանալով Կարապետ Մուրադյանի բջջային հեռախոսն, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, ապօրինի՝ առանց Կ. Մուրադյանի գիտության մոսոք գործելով վերջինիս անվամբ «Իդրամ» հավելվածում գրանցված թիվ 564806857 ID համարով էլեկտրոնային դրամապանակ և ներկայանալով իբրև Կարապետ Մուրադյան՝ հավելվածի համապատասխան դաշտերում լրացնելով առցանց վարկ ստանալու համար անհրաժեշտ պայմանները, ապա համապատասխան դաշտում՝ Կ. Մուրադյանի փոխարեն հավաստելով վերջինիս ինքնությունը, այդ եղանակով անձամբ օգտագործելու նպատակով կեղծելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթղթեր՝ բանկով կնքել է 1.200.000 «դրամի վարկային թիվ CV000/3890114/25 պայմանագիրը և այդ գումարը տնօրինելու հնարավորություն ստանալով, հիշյալ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու և այնուհետև «Էվոկաբանկ»-ի թիվ 4150 9600 1295 3647 բանկային քարտին փոխանցելու եղանակով հափշտակել է ստացված դրամական միջոցների մեծ մասը՝ 803.960 ՀՀ դրամը, Կարապետ Ալրիկի Մուրադյանին պատճառելով նույնքան՝ խոշոր չափի գույքային վնաս: Այսպիսով, Հենրիկ Ռաֆիկի Ենոքյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում:

«Հետքի»-ը հայտնել էր, որ կալանավոր Հ. Ե.- ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Leave a comment