ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա՞ կալանավորված, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ։ Թեև դատարանի որոշումը պետք է հրապարակվեր 17․30-ին, բայց այն ուշանում է․ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ փորձել են դատավորի օգնականից ճշտել ուշացման պատճառը, բայց ապարդյուն։
Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու դատախազության միջնորդության քննությունն ավարտվել է լուսադեմին՝ 4․30-ին։ Արամ Օրբելյանը ենթադրում է, որ դատավորը ժամանակ չի ունեցել պաշտպանական կողմի բավական հիմնավոր հակափաստարկները համադրել։ Ինչևէ, փաստաբանն ակնկալում է, որ դատարանը դրական որոշում կկայացնի, այսինքն՝ երկրորդ նախագահի կալանքը չի երկարացվի։
«Կալանքի հիմքեր չկան, կալանքի անհրաժեշտություն չկա և, ընդհանրապես, խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա․ բոլոր հիմքերը ներկայացրել ենք»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ նաև փաստել են, որ գործընթացը քաղաքական իմաստ ունի նաև, քանի որ նախագահ Քոչարյանը զրկված է «Հայաստան» դաշինքի հետ քննարկումներից, որոնց կարիքը կա՝ թե ԹՐԻՓՓ-ի հետ կապված, թե ՏԻՄ ընտրությունների և այլ հարցերի շուրջ։
Առավոտյան դատարանը հրապարակել էր նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու մասին որոշումը։ Այս մասին կարծիք հայտնելուց Արամ Օրբելյանը ձեռնպահ մնաց, քանի որ չի հասցրել ծանոթանալ որոշմանը։ Ամեն դեպքում, իր գնահատմամբ, նման որոշումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան դատարանն ավարտեց դատախազության միջնորդության քննարկումը՝ Սեդրակ և Ռոբերտ Քոչարյանների կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։
«Մենք բավականին շատ նյութ ենք ներկայացրել, որով հերքվում էր ուղղակիորեն կալանքի անհրաժեշտությունը։ Պրոցեսը բավականին ինտերակտիվ է եղել, դատարանը հարցեր ուներ, կողմերը իրար հարցեր ունեին, եղան ելույթներ։ Այս ամբողջ ինֆորմացիայի ֆոնի վրա խափանման միջոցը՝ կալանք, չպետք է կիրառվի»,- միջնորդության քննարկման ավարտից հետո լրագրողներին ասել էր Արամ Օրբելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: