Հոկտեմբերի 19-ին Եվրոպական միության խորհուրդը Իլզե Բրանդս Քեհրիսին նշանակեց մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ):
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կշարունակի իր նախորդի՝ Կայսա Օլոնգրենի աշխատանքը՝ նպաստելու մարդու իրավունքների ոլորտում ԵՄ քաղաքականության եւ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման խթանման ու միջազգային քրեական արդարադատության աջակցության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումների իրականացմանը: Նա նաեւ կնպաստի եվրոպական ձայնի ամրապնդմանը՝ մարդու իրավունքների հարցերով երրորդ երկրների կառավարությունների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ այլ համապատասխան դերակատարների հետ համագործակցության միջոցով։
Հատուկ ներկայացուցիչը սերտորեն կհամագործակցի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, ԵՄ պատվիրակությունների եւ ԵՄ հաստատությունների հետ՝ արտաքին գործողություններում ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունն ապահովելու համար։
Բրենդս Քեհրիսը լատվիացի է։ Վերջին շրջանում՝ 2020 թվականի հունվարից մինչեւ 2026 թվականի մայիսը, նա զբաղեցրել է մարդու իրավունքների հարցերով գլխավոր քարտուղարի օգնականի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրենի պաշտոնները։ Որպես մարդու իրավունքների մասնագետ՝ նա ունի մեծ փորձ Միավորված ազգերի կազմակերպությունում եւ մարդու իրավունքների ազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելիս, այդ թվում՝ որպես ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կառավարման խորհրդի անդամ եւ նախագահ։
Նա անմիջապես կստանձնի իր պարտականությունները մինչեւ 2028 թվականի փետրվարի 29-ը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչները խթանում են ԵՄ քաղաքականությունն ու շահերը որոշակի տարածաշրջաններում եւ երկրներում, ինչպես նաեւ ԵՄ-ի համար հատուկ մտահոգություն կամ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Նրանք ակտիվ դեր են խաղում բարեփոխումների, կայունության եւ օրենքի գերակայության ամրապնդման ջանքերում: ԵՄ առաջին հատուկ ներկայացուցիչները նշանակվել են 1996 թվականին: Ներկայում տասնմեկ ԵՄ հատուկ ներկայացուցիչ աջակցում է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի աշխատանքին:
EU NEIGHBOURS east
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: