Հայէկոնոմբանկը շարունակում է համագործակցությունը Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հետ՝ առաջնորդվելով կորպորատիվ պատասխանատվությամբ և ավելացված արժեք ստեղծելու պատրաստակամությամբ:
Ավանդույթի համաձայն՝ Բանկն ամեն տարի իր Տարեկան ժողովի ընթացքում հայտարարում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող սոցիալական, կրթական կամ համայնքային նախագծերին իր աջակցության մասին:
2025 թվականն ամփոփող ժողովի շրջանակում որոշում կայացվեց կրկին աջակցել Զինվորի տան կողմից իրականացվող «Հայաստան 301» ծրագրին՝ կենտրոնին նվիրաբերելով 50 մլն դրամ:
Հոկտեմբերի 20-ին Զինվորի տանը կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է աջակցությունն ուղղել կենտրոնի կարողությունների մեծացմանը, ժամանակակից բուժսարքավորումների և անվտանգության համակարգերի ձեռքբերմանը, ինչպես նաև հայրենիքի պաշտպաններին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնմանը:
Համագործակցության մեկնարկը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ․ Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները Հայրենիքի պաշտպանության համար տարբեր ժամանակներում վիրավորում ստացած տղաների հետ միասին ապակյա բեկորներ ավելացրին Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա՝ որպես արևշատության և վերածննդի խորհրդանիշ: Առաջին բեկորը փակցնելու հնարավորությունը վստահվեց Սարիբեկ Սուքիասյանի որդուն՝ Դավիթին՝ ընդգծելով գալիք սերունդների ճիշտ արժեհամակարգի ձևավորման կարևորությունը:
Նախքան հուշագրի ստորագրումը՝ Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ու Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը շրջայց կատարեցին Զինվորի տան տարբեր սրահներում, այդ թվում՝ մեխանոթերապիայի դահլիճում, գրադարանում, պրոթեզավորման կենտրոնում, ծանոթացան ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին:
Զինվորի տան սոցիալական ծրագրերի մասին պատմող կարճ տեսաֆիլմերի ցուցադրության ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ոգևորությամբ ներկայացրին հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հերոսների ոգեշնչող ու մոտիվացնող պատմությունները՝ ընդգծելով, որ Զինվորի տանը ստացիոնար բուժման և հանգստի արժանապատիվ պայմանները ստեղծվել են հենց նման արդյունքեր ապահովելու համար:
2025թ. Բանկի կողմից Զինվորի տանը հատկացված աջակցության շրջանակում իրականացվել էր կրթական ծրագիր շուրջ երեք տասնյակ զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Աջակցության երկրորդ բաղադրիչն ուղղվել էր Զինվորի տան թողունակության մեծացմանը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների ավելացմամբ։ Մասնավորապես, ամբողջացվել և կարգավորվել է շենքի հակահրդեհային համակարգը՝ որպես կարևոր անվտանգության բաղադրիչ, արդիականացվել է 6 տոննա տարողությամբ ջրի ռեզերվուարի ամբողջական համակարգը, փոխարինվել է շենքի ջեռուցման և տաք ջրի համակարգի գլխավոր պոմպը, կենտրոնի վիրաբուժական և վերականգնողական բաժանմունքները համալրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով, ձեռք է բերվել Hongqi մակնիշի էլեկտրական ավտոմեքենա, որը ծառայում է շահառուների կարիքներին, իրականացվել են լայնածավալ նորոգման և կառուցապատման աշխատանքներ:
Հավատարիմ մնալով իր որդեգրած սոցիալական առաքելությանը՝ Հայէկոնոմբանկը շարունակում է նպաստել հասարակության տարբեր շերտերի համար երկարաժամկետ դրական փոփոխությունների իրականացմանը: