Ի՞նչ է նշանակում տնտեսության աճող ցուցանիշների պարագայում 250 մլն եվրո վարկ վերցնելը, ըստ կառավարական հաղորդագրության՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը փակելու համար. «Ազգ»

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, թող լինի ոմանց սպասումով՝ Հայաստանի Հանրապետությունում: Անգամ երկիր համարվողի գործադիր մարմնի ղեկավարն է ընդունում, որ օրեր առաջ ասածն ու տեղի ունեցողն անհամատեղելի են, պետական եւ իրավադատական համակարգերը ի շահ պետականության լիարժեք կայացման չեն գործում: Այս պայմաններում ի՞նչ սպասես նախարարական պաշտոններ զբաղեցնող այրերից, ովքեր կուսակցական պատկանելություն ունեն, անգամ՝ առերեւույթ ոչինչ չնշանակող: Պետական ապարատը հանրահայտ թաշկինակի ասույթն է հաստատում, որտեղ ինչ-որ տրամաբանություն փնտրելն անիմաստ զբաղմունք է:

Ասենք՝ ի՞նչ է նշանակում տնտեսության աճող ցուցանիշների պարագայում 250 մլն եվրո վարկ վերցնելը, ըստ կառավարական հաղորդագրության՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը փակելու համար: Դեֆիցիտ կոչվածն ինչ-որ բանի չբավարարում, խոստացվածի չկատարումն է: Հանրությանը դժվար է կողմնորոշվել, թե 12 նախարարություն, տասնյակներով այլ պետական հաստատություններ ունեցող հաստատություններից որոնց է ֆինանսական լրացուցիչ միջոցներ հարկավոր, որը չի նկատվել ընդամենը ամիսներ առաջ բյուջեի քննարկման ընթացքում: Արդյո՞ք այդ լրացուցիչ ֆինանսական հատկացումը տնտեսական աճի է հանգեցնելու, ինչ-որ արտադրական հզորություն է շահագործվելու, նոր աշխատատեղեր են բացվելու, հարկահավաքությունն է ոգեւորելու: Չէ՞ որ մինչ այժմ նոր աշխատատեղեր հայտարարվողն ընդամենը տնտեսական ստվերից դուրսբերվածն է, մասամբ իհարկե: Իսկ գուցե գնաճն է հայտարարվածից զգալի բարձր, որի մասին խոսելը պարզապես նպատակահարմար չէ: Ասենք՝ հացի կգ-ի 10 դրամ բարձրացումը օրը 10 մլն դրամ գնաճի է հանգեցնում, որի հետեւանքները դժվար է պատկերացնել: Ինչո՞ւ. որովհետեւ պետական կառույցը գնաճը հաշվառում է հացից մինչեւ անվադող ու աղից մինչեւ սանտեխնիկա, այն պարագայում, երբ պանրային մթերք համարվող «Լոռի»-ն ու «Չանախ»-ը 1200-1300 դրամից անցել են 3000 դրամի սահմանը:

Դե եկ ու տրամաբանված բացատրություն գտիր ՀՀ տնտեսություն ասվածից, որն անգամ ՀՀ վարչապետի, նախորդ տարում, ասենք, էլեկտրաէներգիայի ավելցուկ է ունեցել, հիմա՝ պակասորդ, որը ծագել է… արհեստական բանականության հզորությունների շահագործման արդյունքում: Մի՞թե պարզ չէ, որ դրվածքային 1400-1500 մգվտ էլկայաններում հնարավոր չէ 7-8 մլրդ կվտ-ը գերազանցող էլարտադրություն իրականացնել: Այս պարզ խաբկանքն առաջանում է այն հանգամանքից, որ 1200 մգվտ արեւային կայանների հզորությունը ներկայացվում է երեք ատոմակայանի հզորության հետ, երբ 2025 թվականին արեւային հզորությունների թողարկածը հազիվ 1 մլրդ կվտժամ է, երեք ատոմակայանի պարագայում ակնկալվողը… 7-8 մլրդ կվտժամ: Այս ցուցանիշը կարելի է ստանալ շրջանառվող 1000 մգվտ հզորության միջուկային էլեկտրակայանի առկայության պարագայում: Անվերջ խոսվում է կայանի ընտրության խնդրից եւ ոչ մի խոսք, թե որտե՞ղ է այն տեղադրվելու եւ ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվելու: Այս խնդիրներից Մեծամորի ԱԷԿ-ի տեղակայմանը 1960-ականներին բախվել են այդ տարիների ՀՍՍՀ ղեկավարները, եւ որոնք հառնելու են մեր օրերում: Իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու մինչեւ 10 մլրդ դոլարի հասնող շինարարությունը՝ ընդհանրապես ոչ մի խոսք: Այն կարելի է մասամբ լուծել, եթե ՀՀ տնտեսության արտադրական ոլորտը սկսի վերակազմավորվել, հենց թեկուզ ատոմակայանի շինարարության համար անհրաժեշտ միջոցները ՀՀ-ում արտադրելու շնորհիվ. թե՛ աշխատատեղեր կբացվեն, թե՛ ֆինանսական միջոցները տեղում կշրջանառվեն:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment