Բերձորի Քարեգահ գյուղի երկու նահատակների պատմությունը

1997 թվականին Ռուբիկ և Մարիամ Դոդորյաններն իրենց՝ Մանվել ու Սարգիս որդիների հետ Երևանից տեղափոխվեցին Արցախի նոր կազմավորված Քաշաթաղի շրջան և բնակություն հաստատեցին Բերձոր շրջկենտրոնի մոտակա Քարեգահ գյուղում։ Նույն գյուղի դպրոցում էլ սովորեցին։

1992 թ. մայիսի 24-ին է ծնվել Մանվելը, որը 2020 թ. հոկտեմբերի 1-ին նահատակվեց հայրենիքը պաշտպանելիս։ 2010 թվականին ավարտեց միջնակարգ դպրոցը։ Դպրոցի ուսուցիչները սիրով են հիշում իրենց կենսախինդ ու բարի, ընկերասեր աշակերտին։

«Դպրոցական տարիքից մասնակցել է ռազմահայրենասիրական միջոցառումներին, միշտ աչքի էր ընկնում իր մարտական ոգով, հայրենասիրությամբ։ Բանակում ծառայելիս եղել է պարտաճանաչ զինծառայող, ստացել է բազում շնորհակալագրեր, խրախուսվել լավ ծառայության համար։ Ես, անձամբ ճանաչելով Մանվելին, կցանկանայի, որ երիտասարդներից շատերը լինեին նրա պես հարգալից, բանիմաց, մեծ ու փոքրին հարգող, հայրենասեր հայորդիներ», — ասում է ուսուցչուհի Ռայա Բաբայանը։

2010-2012 թթ. ծառայության անցավ Արցախի պաշտպանության բանակում։ Նույն ուսուցիչների ասելով՝ շատ էր ուրախացել հայրենիքի զինվոր դառնալու համար։ 2012-ին, երբ դեռ չէր ավարտել ծառայությունը, վախճանվեց հայրը, և տան հոգսերը հիմնականում իր վրա էին։ Ավագ սերժանտի կոչումով և դիպուկահարի մասնագիտությամբ պայմանագրային ծառայության անցավ ՊԲ Ասկերանի գնդում։ Զուգահեռաբար ուսանում էր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում։

Այդ ժամանակ նրա հետ՝ և՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայություն էին անցնում նաև համագյուղացիներից ու Քաշաթաղի շրջանի այլ բնակավայրերից զինվորներ։ Պատմում են՝ համարձակ էր, ընկերասեր, զինվորներն իրեն շատ էին սիրում ու հարգում։

Նույն Քարեգահի դպրոցի նախկին տնօրեն Գևորգ Մնացականյանն ասաց.  «Մանվելը ուշ-ուշ էր գյուղ գալիս, Ասկերանի զորամասում էր ծառայում՝ եղբորս հետ։ Եղբայրս ասում էր՝ շատ համարձակ տղա էր։ Իր փոքր եղբայրն էլ էր զինվորական 2020 թվականին։ Երբ գալիս էր գյուղ, անպայման այցելում էր դպրոց, հանդիպում ուսուցիչներին, ավագ ու կրտսեր ընկերներին։ Միշտ որսից ու զենքերից էր խոսում, սիրում էր համազգեստով շրջել»։

Ամուսնացել է բերձորցի Հասմիկի հետ, ունեն երկու երեխա։ 2016 թ. ապրիլյան պատերազմի առաջին օրվանից առաջնագծում էր՝ դիպուկահարի զենքով։ Երազում էր նաև իր տունը կառուցել գյուղում, բայց սկսվեց 2020 թվականի սեպտեմբերյան կործանիչ պատերազմը։

Պատերազմի առաջին օրվանից Մարտունու տարածքում էր։ Վերջին անգամ հարազատների հետ խոսել է հոկտեմբերի 1-ին՝ ասելով. «Դիրքեր ենք գրավել, չանհանգստանա՛ք, ոչ մի տեղ չգնա՛ք»։ Երեք ժամ անց զոհվել է։

Քաշաթաղի շրջանից 44-օրյա պատերազմում Ռոբերտ Գալստյանից հետո երկրորդը Մանվելն էր, որ զոհվեց։ Սկզբում նրան հուղարկավորեցին Քարեգահում՝ հոր կողքին։ Պատերազմից հետո վերահուղարկավորվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում, որտեղ այժմ բնակվում է մայրը։

Քարեգահ գյուղից 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 18-ին, Ջրականում հերոսաբար մարտիրոսվեց նաև Հովհաննես Աշոտի Եդիգարյանը՝ ծնված 1974 թ. հունվարի 12-ին Երևանում։ Քաշաթաղի շրջանի կազմավորման սկզբում նրա ընտանիքն էլ էր տեղափոխվել Արցախի վերահայացած տարածք՝ այն շենացնելու։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment