Հոկտեմբերի 21-ին Մատենադարանի գլխավոր մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա-Փաուլ Բարսամը և ID բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։
Իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ Մատենադարանի այգու հիմնարկեքը խորհրդանշական կամուրջ է ստեղծում հայկական հարուստ ձեռագրային ժառանգության և կենդանի բնության միջև։ Ընդգծելով մշակութային և բնական ժառանգության պահպանության փոխկապակցվածությունը՝ Դավիթ Կարապետյանը նշել է, որ դրանք պահանջում են պետության, միջազգային կառույցների, մասնավոր հատվածի, մասնագիտական համայնքների և հասարակության հետևողական ներգրավվածությունը։
Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգում մշակույթի դերին՝ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը մասնավորապես նշել է, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք Բնություն-մշակույթ գագաթնաժողովը միավորելու է պետությունների, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց ու երիտասարդների ներկայացուցիչներին՝ քննարկելու մշակութային ժառանգության և ավանդական գիտելիքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում։
«Միջնադարյան ձեռագրերում պահպանված գիտելիքը, հայկական բնապատկերի ավանդույթներն ու կենսաբազմազանության պահպանման ժամանակակից նպատակներն այստեղ միավորվում են՝ ընդգծելով մշակույթի և բնության սերտ փոխկապակցվածությունը»,- ասել է Դավիթ Կարապետյանը։
ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ նորաստեղծ այգին կդառնա բնության հանդեպ պատասխանատվության, մշակութային ժառանգության պահպանության և սերունդների միջև կապի խորհրդանիշ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: