ՀԱԵ դեմ պայքարում իշխանությունը պարտվել է․ Բագրատ սրբազանը արտահերթ ընտրությունները քող է համարում

«Հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին․ հավանաբար ուրիշ թեմա կա ներսը առաջ տանելու, հավանաբար հանձնվելու ինչ-որ թեմաներ կան և փորձում է այս ճանապարհով առաջ բերել»,- դատարանի մոտ, «18 արդարների» գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին հարցին։

Հիշեցնենք, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ եթե Սահմանադրության փոփոխությունների հարցում ընդդիմությանը համոզել չհաջողվի, ապա գնալու են արտահերթ ընտրությունների։

Ըստ սրբազանի, մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, բայց դրանցից մեկը ժամանակ առ ժամանակ առաջ մղելով, իշխանավորները փորձում են շեղել հանրության ուշադրությունը, այլ խնդիրներն առաջ մղելու համար․ «Ես անընդհատ շեշտել եմ, որ ինքը հիմնական թեմա է դարձնում որևէ հարց հասարակության աչքին, որպեսզի չգիտենք ինչ դիվային, խորքային այլ հարցեր ու ծրագրեր ունեն, որ կարողանան իրականացնել և մեկը մյուսով ծածկելով, անընդհատ առաջ տանելով: Եկեղեցու դեմ արշավը ինքնին անօրինական մի գործընթաց է ամբողջության մեջ, բայց հավանաբար դարձյալ դիմացը ինչ-որ սպառնալիքներ, ինչ-որ բաներ կան, ավելի մեծ խնդիրներ համազգային նշանակության, որոնք փորձում են այս թեմաներով շեղել, և միայն դա են անում, ուրիշ ոչ մի բան»։

Պատասխանելով ՀԱԵ դեմ իշխանության պայքարի մասին հարցին էլ՝ սրբազանն ասաց․ «Ես ուզում եմ գնահատականը տալ՝ իրենք պարտված են այդ պայքարում, անկախ նրանից, թե ինչքան պետական լծակներ ունեն: Դուք բոլորդ տեսնում եք ձեր աչքի առջեւ է անօրինական բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում: Սկսած նրանից, որ իրենց նախընտրական ծրագրում և հետո կառավարության ծրագրում ներգրավել էին եկեղեցու դեմ գործունեությունը և դա ծածկելով, քողածածկելով, ասելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարց․․․ իրենք պարտվել են այս պայքարում, արդեն իսկ պարտվել են։ Հիմա այս գործընթացներով պիտի փորձեն երկարացնել, անընդհատ թեմա պահել, որ երբեք հանկարծ ու հանկարծ որևէ մեկի մտքից չանցնի, որ իրենք նահանջել են»:

«Մեր սահմանը հատելը այդքան հեշտ պրոցե՞ս է, որ փաստացի այդպես է դարձել»,- սահմանախախտման վերջին երկու դեպքերի մասին հարցերին պատասխանելով տարակուսեց սրբազանը եւ շարունակեց․ «Հովիվ կարող է հատել, որին անվանում են հարբեցող։ Հարբեցողը, եթե կարողանում է հատել, իրենց ասելով հարբեցող, չգիտեմ ով է, դուք պատկերացրեք՝ եթե ինչ-որ լուրջ գործողություն ուզենան անել, ի՞նչ կլինի։ Ասում են՝ մառախուղ էր, մոլորվեց, չգիտեմ ինչ եղավ, դե ասում են՝ հո հրապարակից չենք գտել, սահմանից են գտել։ Այո՛, մի օր էլ հրապարակից․․․ հրապարակում արդեն հայտնվելու են տասնյակներով, հարյուրներով։ Մենք տարբեր տեսակի ֆիլմեր ենք տեսնում, նկարահանումներ ենք տեսնում Հրապարակից, Ծիծեռնակաբերդից, ամենուր, ամեն տեղից: Կարմիր լույսը մեր կյանքում, կարմիր լույս պետք է վառի, որ մեր սահմանը դժբախտաբար մատնված է անտերության բարձրագույն իշխանության կողմից: Ես ոչ մեր զինվորներին եմ ասում, ոչ սահմանը պահող մեր տղաներին, որոնք օրը տքնաջան, մանավանդ պայմանագրայինների մասին է խոսքը, 15 օր սահման են պահում, այն մնացած 15 օրը գնում չարքաշ աշխատանքով ինչ-որ տեղ աշխատում են, որ դրանով վաստակեն, բայց փաստը արձանագրված է։ ԱԱԾ-ն և այլն զբաղված են քաղաքական գործիչների ձերբակալելով, կալանավորելով, տեսանյութեր հրապարակելով, գործառույթները լրիվ փոխել են, էլ անվտանգության խնդիր չկա, ցավոք սրտի: Այս մարդը և այս իշխանությունը համար մեկ սպառնալիքն են մեր պետությանը և մեր ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում

«18 արդարների» գործով նիստն այսօր էլ չկայացավ՝ մեղադրյալներից մեկի բացակայության պատճառով։ Վերջինս մեկնել էր Գառնի՝ վերադարձի ճանապարհին մեքենան փչացել էր։ Նրա բացակայությունը դատարանը հարգելի կամ անհարգելի լինելու մասին որոշում կկայացնի հաջորդ դատական նիստում, երբ լսեն վերջինիս բացատրությունները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment