Արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի պատասխանները խորհրդարանական 13 հարցերին

Սեպտեմբերի 25-ին «Նիդերլանդական օրագիրը» հրապարակել էր՝ «Նիդերլանդների խորհրդարանում 13 հարց՝ Ադրբեջանի կազմակերպած շրջայցի, հայկական ժառանգության և դիվանագետների մասնակցության վերաբերյալ» հոդվածը՝ անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանի երեք պատգամավորների՝ արտաքին գործերի նախարարին ուղղված հարցադրումներին։ Այժմ, երբ հրապարակվել են նախարար Թոմ Բերենդսենի պաշտոնական պատասխանները, հնարավորություն կա համադրելու բարձրացված հարցերն ու կառավարության դիրքորոշումը՝ պարզելու, թե ինչ գնահատականներ են տրվել հայկական մշակութային ժառանգության խնդրին, ինչով է հիմնավորվել նիդերլանդացի դիվանագետների մասնակցությունը ադրբեջանական շրջագայությանը, և որ կարևոր հարցերն են դեռևս մնում անպատասխան։

 

Նիդերլանդների կառավարությունը հաստատել է, որ երկրի դիվանագետները մասնակցել են Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շրջագայությանը Լեռնային Ղարաբաղում։ Միաժամանակ պաշտոնական պատասխաններում արձանագրվում է, որ տարածաշրջանում ցուցադրված մշակութային ժառանգությունն ունի հարուստ հայկական պատմություն։ Սակայն այն հարցում, թե ինչպես են դիվանագետներն արձագանքել հայկական վանքերի ծագման վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանություններին, կառավարությունը հստակ պատասխան չի տալիս։

Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի՝ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին հրապարակված պատասխանների առանցքային առանձնահատկություններից մեկն է։ Նախարարը պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանի երեք պատգամավորների՝ Դոն Սեդերի (Don Ceder, ChristenUnie), Քրիս Ստոֆերի (Chris Stoffer, SGP) և Հենկ Վերմերի (Henk Vermeer, BBB) սեպտեմբերի 25-ին ներկայացրած 13 գրավոր հարցերին։

Հարցերը վերաբերում էին Ադրբեջանի կազմակերպած շրջագայությանը, Նիդերլանդների դիվանագետների մասնակցությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, միջազգային իրավական պարտավորություններին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ 2023 թվականի զանգվածային տեղահանության գնահատմանը։

«Նիդերլանդական օրագիրը» սեպտեմբերի 25-ի իր հրապարակմամբ արդեն անդրադարձել էր պատգամավորների հարցադրումներին։ Այժմ նախարարի պաշտոնական պատասխանները հնարավորություն են տալիս համադրելու բարձրացված հարցերն ու կառավարության դիրքորոշումը։

 

Դիվանագետների մասնակցությունը՝ սովորական աշխատանքայի՞ն այց, թե՞ վիճահարույց քաղաքական միջավայր

Նախարարը հաստատել է, որ Նիդերլանդների դիվանագետները մասնակցել են Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շրջագայությանը Ղարաբաղի տարածաշրջանում։ Պատվիրակությունը կազմված է եղել շուրջ 150 անձից՝ ավելի քան 50 երկրից։ Մասնակցել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։

Հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում նման հրավերներն ընդունելու կամ մերժելու նպատակահարմարությունը, Բերենդսենը պատասխանել է, որ դիվանագիտական կորպուսի նման աշխատանքային այցերը դեսպանության սովորական գործունեության մաս են կազմում։

Նույն հիմնավորումն է բերվել նաև այն հարցին պատասխանելիս, թե արդյոք նպատակահարմար էր Նիդերլանդների դիվանագետների մասնակցությունը՝ հաշվի առնելով շրջագայության ընթացքում հայկական մշակութային ժառանգության ծագման վերաբերյալ հնչած պնդումները։

Նախարարի պատասխանի համաձայն՝ նման այցելությունները հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մշակութային ժառանգությանը։ Նա նաև նշել է, որ դեսպանությունը նման միջոցառումներին մասնակցում է միայն միջազգային գործընկերների հետ միասին։

Այդուհանդերձ, պատասխանը չի հստակեցնում՝ ինչ նախնական գնահատական է տրվել շրջագայության բովանդակությանը, ինչպես են ստուգվել ներկայացվող պատմական տեղեկությունները և արդյոք դիվանագետներն արձագանքել են վիճահարույց պնդումներին։

Գանձասարն ու Դադիվանքը․ ի՞նչ է ասում Նիդերլանդների կառավարությունը

Խորհրդարանական հարցերի ամենակարևոր հատվածներից մեկը վերաբերում էր Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներին։

Պատգամավորները նախարարին հարցրել էին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Ադրբեջանի կազմակերպած շրջագայության ընթացքում հայկական վանքերը ներկայացվել են որպես հին «Կովկասյան Ալբանիայի» քրիստոնեական ժառանգության մաս։ Հարցադրման մեջ հիշատակվում էին նաև հին ձեռագրերի վերաբերյալ ներկայացված տեղեկությունները և շրջագայության ընթացքում տեղի ունեցած պարի մասին հաղորդումները։

Նախարար Բերենդսենը հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները շրջագայության ընթացքում տեղեկություններ են ներկայացրել մշակութային ժառանգության ծագման մասին՝ այն վերագրելով «Կովկասյան Ալբանիային», որը նկարագրվել է որպես Հարավային Կովկասի նախահայկական քաղաքակրթություն։

Սակայն նախարարի պատասխանի ամենաէական ձևակերպումն այս է.

«Կառավարության համար պարզ է, որ ցուցադրված մշակութային ժառանգությունն ունի հարուստ հայկական պատմություն»։

Այս հայտարարությունը կարևոր է, քանի որ Նիդերլանդների կառավարությունն իր պաշտոնական պատասխանում հստակ արձանագրում է Ղարաբաղի մշակութային ժառանգության հայկական պատմական շերտը՝ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը ներկայացրել է այլ մեկնաբանություն։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել փաստական ճշգրտությունը։ Նախարարը չի հայտարարել, որ շրջագայության բոլոր դրվագները հաստատված են եղել անկախ աղբյուրներով։ Նա նաև չի հայտնել, թե Նիդերլանդների դիվանագետներն անձամբ հերքել են «Կովկասյան Ալբանիայի» վերաբերյալ ներկայացված պնդումները։

Ինչ վերաբերում է պարող մասնակիցների տեսագրություններին, Բերենդսենը նշել է, որ պատգամավորների հարցում հիշատակված կադրերը նկարահանվել են այլ՝ շրջագայության հետ կապ չունեցող միջոցառման ընթացքում։

 

Արդյո՞ք դիվանագետները հակադարձել են ապատեղեկատվությանը

Հարցերի 12-րդ կետում պատգամավորները հղում էին արել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի՝ X սոցիալական հարթակում կատարած գրառմանը։ Դրանում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական ծագման վերաբերյալ խոր տարաձայնություններին և դրանց հաղթահարման անհրաժեշտությանը։

Նիդերլանդների նախարարին ուղղված հարցը հստակ էր՝ արդյոք դիվանագիտական պատվիրակությունը շրջագայության ընթացքում բարձրացրել կամ հերքել է մշակութային ժառանգության ծագման վերաբերյալ ներկայացված տեղեկությունները։

Պատասխանում Բերենդսենը նշել է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղ կատարած այցից հետո, նաև Նիդերլանդների անունից, այցելել է Երևանի Մատենադարան՝ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Նախարարի ներկայացմամբ՝ այդ այցը նպատակ ուներ ցույց տալու, որ Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պատմության վերաբերյալ տարաձայնություն չկա։

Սակայն այս բացատրությունը չի պարզաբանում բուն հարցը՝ ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի կազմակերպած շրջագայության ժամանակ։

Մատենադարան այցի մասին տեղեկությունը չի փոխարինում այն հարցի պատասխանին, թե արդյոք դիվանագետներն անմիջապես արձագանքել են ադրբեջանական կողմի ներկայացրած պատմական մեկնաբանություններին։

Այսպիսով, պաշտոնական պատասխանից հնարավոր չէ եզրակացնել, որ պատվիրակությունը տեղում վիճարկել է այդ պնդումները։ Միաժամանակ չկա նաև բավարար հիմք պնդելու, թե դիվանագետները միանշանակորեն ընդունել են դրանք։

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը

Պատգամավորները նախարարից պարզաբանումներ էին պահանջել նաև Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների և այլ մշակութային արժեքների ոչնչացման, ինչպես նաև տեղանունների փոփոխության վերաբերյալ։

Բերենդսենը հաստատել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղի տարածաշրջանի տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Նա այդ հանգամանքն առանձնացրել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ մտահոգիչ տեղեկություններից։

Նախարարը նշել է, որ տարածաշրջանի մշակութային ժառանգությունն ունի երկար ու բարդ պատմություն, և վերջին տասնամյակների ընթացքում վնասվել կամ ոչնչացվել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մշակութային արժեքներ։

Նա կարևորել է 1954 թվականի Հաագայի կոնվենցիան և դրա 1999 թվականի Երկրորդ արձանագրությունը՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ այդ միջազգային փաստաթղթերի կողմեր են, և դրանք պարտավորեցնում են զինված հակամարտությունների ընթացքում կանխել մշակութային արժեքների վնասումը։

Նիդերլանդները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել իրենց պարտավորությունները և ապահովել միմյանց մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Այստեղ ակնհայտ է կողմերի միջև հավասարության սինդրոմը: Սակայն պատասխանը չի ներկայացնում կոնկրետ հուշարձանների վերաբերյալ անկախ ուսումնասիրությունների արդյունքներ և չի տալիս Ադրբեջանի գործողությունների ամբողջական գնահատականը։ Ընդհանուր կոչը՝ պահպանել մշակութային արժեքները, դեռ ինքնին չի ապացուցում, որ այդ պարտավորությունները կատարվում են գործնականում։

Նախիջևանի նախադեպը և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները
Պատգամավորները հիշեցրել են նաև Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը՝ հարցնելով, թե արդյոք այդ նախադեպը հիմք չի տալիս մտահոգվելու Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության ապագայի համար։

Նախարարը պատասխանել է, որ հայերի և ադրբեջանցիների միջև տարածաշրջանային հակասություններն ունեն պատմական արմատներ, որոնք հասնում են 19-րդ դարի վերջին։ Այդ երկար ժամանակահատվածում երկու կողմերում էլ մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց բնակավայրերը, իսկ նյութական և ոչ նյութական ժառանգությունը կրել է վնասներ։

Կառավարությունը կարևորում է հայկական և ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքն ու դրա պաշտպանությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախկին խոստումներին՝ պահպանելու մշակութային ժառանգությունը և համագործակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, Բերենդսենը նշել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Ադրբեջանը քննարկել են համագործակցության ամրապնդումը։ Կառավարությունը ողջունում է այդ քայլերը։

Նախարարը հավելել է, որ Ղարաբաղ կատարած շրջագայության ընթացքում Նիդերլանդների դեսպանությունը ծանոթացել է Ադրբեջանի կողմից վերականգնված հայկական ժառանգության նմուշների։

Այնուամենայնիվ, պատասխանում չի ներկայացվել անկախ վերահսկողության կամ համապարփակ ուսումնասիրության եզրակացություն, որով հնարավոր կլիներ հաստատել, թե հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ամբողջությամբ ապահովված է։

Հարց է ինչ շարժառիթներով ու հիմունքներով են այդ հուշարձանները «վերականգնվել»: Վերականգնված հուշարձանների առկայությունը կարևոր փաստ է, բայց այն ինքնին չի պատասխանում բոլոր այն մտահոգություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանի հայկական ժառանգության պահպանությանը։

Էթնիկ զտման հարցում կառավարությունը վերջնական գնահատական չի տալիս
Խորհրդարանականները նախարարին ուղղակիորեն հարցրել էին՝ արդյոք Նիդերլանդների կառավարությունը համարում է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում՝ ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստան տեղափոխվելու պայմաններում։

Բերենդսենի պատասխանի համաձայն՝ Նիդերլանդների համար անհրաժեշտ է անկախ հետաքննություն կամ միջազգային իրավական որոշում՝ պարզելու համար՝ արդյոք տեղի է ունեցել էթնիկ զտում կամ միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտում։

Այսպիսով, կառավարությունը պաշտոնական պատասխանում չի տալիս 2023 թվականի իրադարձությունների՝ որպես էթնիկ զտման իրավական որակավորում։ Սակայն այն չի հայտարարում նաև, որ նման բան տեղի չի ունեցել։

Նախարարն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Նա դրական է գնահատել 2025 թվականի օգոստոսին երկու երկրների կողմից համաձայնագրի նախաստորագրումից հետո արձանագրված քայլերը։

Այստեղ ևս նկատելի է կառավարության մոտեցումը՝ իրավական գնահատականների հարցում զգուշավորություն և քաղաքական առաջնահերթություն՝ խաղաղության գործընթացի շարունակման համար։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ ինչո՞ւ Նիդերլանդները չի ստանձնում վերահսկողության դերը

Պատգամավորները հարցրել էին նաև, թե որքանով է Ադրբեջանը կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործերով 2021 և 2023 թվականներին ընդունած ժամանակավոր միջոցները, ինչպես նաև ինչ պարտավորություններ են այդ որոշումներից բխում Նիդերլանդների համար։

Բերենդսենը պատասխանել է, որ դատարանի այդ որոշումները պարտադիր են Հայաստանի և Ադրբեջանի համար, սակայն պարտադիր չեն Նիդերլանդների համար։ Հետևաբար, Նիդերլանդների կառավարությունն իրեն իրավասու չի համարում գնահատելու դրանց կատարման աստիճանը կամ վերահսկելու դրանց իրականացումը։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Նիդերլանդները՝ որպես Արդարադատության միջազգային դատարանի հյուրընկալող երկիր, սովորաբար կոչ է անում պետություններին կատարել դատարանի որոշումները։

Նա նպատակահարմար չի համարել այդ հարցով խորհրդատվություն խնդրել Նիդերլանդների միջազգային հարաբերությունների խորհրդատվական մարմնից՝ AIV-ից՝ պատճառաբանելով, որ հիշատակված որոշումները Նիդերլանդների համար իրավական պարտավորություններ չեն ստեղծում։

Այս պատասխանը ցույց է տալիս, որ կառավարությունը տարբերակում է դատարանի որոշումների՝ կողմերի համար պարտադիր լինելը և երրորդ պետության իրավական պարտավորությունները։ Սակայն քաղաքական առումով Նիդերլանդների դիրքորոշումը սահմանափակվում է հիմնականում միջազգային իրավունքի պահպանման ընդհանուր կոչերով։

Ի՞նչ է մնում անպատասխան

Նախարարի պատասխանները թույլ են տալիս առանձնացնել մի քանի հարց, որոնց վերաբերյալ հստակ պարզաբանումներ չեն տրվել։

Ի՞նչ նախնական գնահատականով է Նիդերլանդների դեսպանությունը որոշել մասնակցել Ադրբեջանի կազմակերպած շրջագայությանը։
Արդյո՞ք դիվանագետները տեղում վիճարկել են հայկական վանքերի ծագման վերաբերյալ ադրբեջանական մեկնաբանությունները։

Ինչպե՞ս է ստուգվում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումը։

Ի՞նչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել, եթե հայկական մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ մտահոգությունները հաստատվեն։

Ի՞նչ պայմաններում և ինչ ընթացակարգով կարող է միջազգային իրավական կամ անկախ հետաքննություն գնահատել 2023 թվականի իրադարձությունները։

Սրանք հարցեր են, որոնք կարելի է բարձրացնել՝ առանց նախարարի պատասխանը խեղաթյուրելու կամ չհաստատված պնդումներ ներկայացնելու։

Խաղաղության գործընթացը և մշակութային ժառանգության պաշտպանությունը
Բերենդսենը հայտնել է, որ 2026 թվականի հոկտեմբերի 26–27-ին Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկելու է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման և խաղաղության գործընթացի շարունակման հարցերը։ Նա մտադիր է ընդգծել նաև մշակութային ժառանգության փոխադարձ պաշտպանության կարևորությունը։

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է նշանակալի քայլ լինել տարածաշրջանի կայունության համար։ Սակայն հայկական մշակութային ժառանգության պահպանությունը պահանջում է ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլև գործնական երաշխիքներ, մասնագիտական գնահատում, թափանցիկություն և պահպանության արդյունքների ստուգելիություն։

Հատկապես կարևոր է, որ մշակութային ժառանգության ծագման վերաբերյալ պատմական պնդումները դիտարկվեն գիտական փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա, այլ ոչ թե դառնան քաղաքական մրցակցության միջոց։

«Նիդերլանդական օրագրի» դիտարկումը

Նիդերլանդների կառավարության պաշտոնական պատասխաններում առկա է կարևոր արձանագրում․ Ղարաբաղի մշակութային ժառանգությունն ունի հարուստ հայկական պատմություն։ Սա էական է այն պայմաններում, երբ Ադրբեջանի կողմից այդ ժառանգության ծագման վերաբերյալ ներկայացվում են հակասական մեկնաբանություններ։

Միևնույն ժամանակ կառավարությունը ընդունելի է համարում իր դիվանագետների մասնակցությունը Ադրբեջանի կազմակերպած շրջագայությանը՝ այն դիտարկելով որպես դեսպանության սովորական աշխատանքային գործունեություն։ Իսկ տեղում ադրբեջանական մեկնաբանություններին դիվանագետների արձագանքի վերաբերյալ հստակ տեղեկություն չի ներկայացնում։

Հետևաբար, այս փաստաթուղթը միաժամանակ արձանագրում է հայկական ժառանգության պատմական նշանակության ճանաչումը և բաց է թողնում մի շարք հարցեր՝ կապված դիվանագիտական պատասխանատվության, ստուգման մեխանիզմների ու մշակութային արժեքների պաշտպանության գործնական արդյունքների հետ։

«Նիդերլանդական օրագիրը», որը սերտորեն համագործակցում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության (FAON) հետ շարունակելու է հետևել այս հարցին՝ ուշադրություն դարձնելով Նիդերլանդների կառավարության հետագա քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոնկրետ գործողություններին։

 

«Նիդերլանդական օրագիր»
22.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment