ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը

Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին՝ պնդելով, որ դեպքը բացահայտվել է ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած հսկողական աշխատանքների, այլ ոչ թե լրագրողական հրապարակումների արդյունքում։ Կոմիտեից նաև հայտնել են, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված ծխախոտի փաթեթավորումների վրա որևէ նշում չի եղել, որը կհաստատեր դրա՝ Ագարակի մաքսային անցակետով Հայաստան ապօրինի տեղափոխված լինելու հանգամանքը։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Պետական եկամուտների կոմիտեն տարակուսանք է հայտնում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ, որոնցում մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի արտահանման հերթական դեպքի բացահայտման վերաբերյալ փաստերը ներկայացվում են աղավաղված մեկնաբանություններով՝ անհարկի ստվերելով ՊԵԿ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքը։

Մասնավորապես, հարկ ենք համարում ընդգծել, որ նշված դեպքը բացահայտվել է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված հսկողական աշխատանքի արդյունքում։ Հետևաբար, բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ լրատվամիջոցի հղում կատարելու անհրաժեշտություն կամ հիմք չի եղել։ Ավելին, դեպքի վերաբերյալ տեղեկատվական նյութերը պատրաստվել և մոնտաժվել էին հրապարակումից դեռ օրեր առաջ, սակայն, հաշվի առնելով ՀՀ-ում անցկացվող կարևոր միջոցառումները, դրանց հրապարակման համար ընտրվել է առավել պատեհ ժամանակահատված։ Ուստի բացահայտման հանգամանքները լրատվամիջոցների հրապարակումների հետ պայմանավորելու փորձերը զուրկ են փաստական հիմքից։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի տեղափոխման դեպքերի բացահայտումները ՊԵԿ ստորաբաժանումների ամենօրյա, հետևողական աշխատանքի արդյունք են և վերոնշյալ դեպքը բացառություն չէ։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք և «ծխախոտ» բանալի բառով որոնում կատարել՝ ծանոթանալու նմանատիպ բազմաթիվ հրապարակումների։ Հետևաբար, առանձին դեպքի բացահայտումը որպես լրատվամիջոցների հրապարակումների հետևանք կամ սենսացիա ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրականությունը, այլև անտեսում է մաքսային ծառայության շարունակական աշխատանքի արդյունքները։

Միաժամանակ նշենք, որ Զվարթնոցի «Կարգո» բեռնային համալիրում հայտնաբերված՝ ապօրինի տեղափոխվող ծխախոտային արտադրանքի ո՛չ տուփերի, ո՛չ էլ արտաքին փաթեթավորման վրա առկա չեն որևէ նշումներ, որոնք կհաստատեին դրանց՝ ՀՀ պետական սահմանի Ագարակի մաքսային անցման կետով ՀՀ տարածք ապօրինի տեղափոխված լինելու հանգամանքը։
Հարկ ենք համարում շեշտել, որ ՊԵԿ ստորաբաժանումները մաքսային հսկողություն են իրականացնում ամենօրյա ռեժիմով՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Մաքսային իրավախախտումների բացահայտումն իրականացվում է համակարգված հսկողական աշխատանքների արդյունքում և չի պայմանավորվում լրատվամիջոցների հրապարակումներով։ Մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը գնահատելիս անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով և արձանագրված արդյունքներով, այլ ոչ թե ենթադրություններով կամ կամայական մեկնաբանություններով։

Փաստերով առաջնորդվելու կարևորությունն ընդգծելու համար նշենք, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմով 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է շուրջ 209 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 49%-ով, իսկ 2024-ինը՝ 122%-ով։

Ի լրումն նշված ցուցանիշների, հավելենք, որ Ագարակի սահմանային անցման կետում 2026 թվականի ինն ամիսներին պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային հսկողության ամբողջ գործիքակազմով հայտնաբերվել է շուրջ 575 հազար տուփ ծխախոտ, ինչը 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը գերազանցել է 31%-ով:

Կոմիտեն կարևորում է լրատվամիջոցների դերը հանրային վերահսկողության և տեղեկատվության տարածման գործում, սակայն անընդունելի է համարում փաստերի ընտրովի ներկայացումը և չհիմնավորված մեկնաբանությունների միջոցով պետական մարմնի աշխատանքը ստվերելու փորձերը։ Լրատվամիջոցների մասնագիտական պատասխանատվությունը ենթադրում է ոչ միայն տեղեկատվության հրապարակում, այլև դրա հավաստիության ստուգում և փաստերի օբյեկտիվ ներկայացում։
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների և չհիմնավորված մեկնաբանությունների տարածումից, որոնք կարող են անհարկի կասկածի տակ դնել մաքսային ծառայության աշխատանքի արդյունքներն ու խեղաթյուրել հանրության պատկերացումը իրականացվող հսկողական գործունեության վերաբերյալ»։

Leave a comment