Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Մեծ Բրիտանիան սահմանափակումներ մտցնի չինական էլեկտրամոբիլների ներմուծման նկատմամբ՝ Եվրոպական միության սահմանած միջոցների օրինակով։
Գերատեսչությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հղում անելով լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը հայտարարել է, որ Լոնդոնը պետք է համաձայնեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում Չինաստանի դիրքերի հետ կապված հարցը համատեղ լուծելու համար։
Նախարարությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել հետևել Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին և հետագա քայլեր ձեռնարկելուց առաջ վերանայել հնարավոր միջոցները։ Չինաստանը պաշտոնական Լոնդոնին խստորեն հորդորել է այս հարցում չհետևել ԵՄ-ի օրինակին։
Հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչ պատասխան միջոցներ կարող է կիրառել Չինաստանը, եթե Մեծ Բրիտանիան, այնուամենայնիվ, որոշի սահմանափակումներ մտցնել չինական էլեկտրամոբիլների ներմուծման նկատմամբ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։