Օսկանյան․ ՀՀ անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, առևտրի առարկա չի եղել

Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյության հարցը երբեք քննարկման, կասկածի կամ առևտրի առարկա չի եղել. քնարկվել է բացառապես Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով վարչապետ Նիկելո Փաշինյանի` վերջին հայտարարություններից մեկի ժամանակ հնչեցրած մտքին։

«Չգիտեմ` այն անհավանական արտահայտությունը, որ օրերս հնչեց Նիկոլ Փաշինյանի բերանից, միայն ի՞մ ականջն է ծակել։ Փաշինյանն ասում է. «Աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է՝ Հայաստանը 99 տարի որպես ինքնիշխան, անկախ պետություն գոյություն է ունենալու»։ Ինչ ասեմ։ Նախ՝ նման «երաշխիք» իրեն ոչ ոք չի տվել։ Դա իր երևակայության արգասիքն է»,– գրել է Օսկանյանը։

Ըստ նրա` անկախ նրանից` Փաշինյանը ինչ է հասկացել, սակայն այս հայտարարությունը ապացույցն է Հայաստանի ցավալի ու խղճուկ կագավիճակի, որին մեզ հասցրել է այս իշխանությունը։

«Նրանք Հայաստանը հասցրել են այն վիճակին, որ կասկածի տակ է նույնիսկ Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն, և ինչ-որ երրորդ կողմ պետք է «ասի» որ Հայաստանը ինչ-որ ժամկետով կարող է գոյություն ունենալ։ Ինչ է սա, եթե ոչ խղճալի վիճակ»,– ընդգծել է նախկին նախարարը։

Օսկանյանի կարծիքով` եթե Հայաստանի գոյության իրավունքի դիմաց Սյունիքի միջանցքն այլոց հանձնելն էր ինչ–որ ժամկետով, ու սա ներկայացվոմ է որպես ձեռբերում, ապա կարող էր ավելի վատ լինել՝ ենթադրենք 50 տարվա գոյության խոստման դիմաց զիջեինք Սյունիքի միջանցքը։

«Կամ միգուցե ևս մի 20 տարի ավելանա մեր երկրի «գոյության հնարավորությանը»՝ մի կտոր էլ Տավուշից զիջելու հաշվին։ Դիվանագիտական ու քաղաքական ֆիասկոները այլևս չեն զարմացնում։ Անկեղծորեն զարմացնում է այս բարձրաձայն խոստովանությունը, որ խաղաղություն իրականում չկա, կա վտանգ, որ Հայաստանը կարող է գոյություն չունենալ»,– եզրափակել է Օսկանյանը։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, էր TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։

Այս համատեքստում նա ասել էր, որ սկզբում քննարկումների առարկա է եղել TRIPP-ի գործողության ժամկետը` 99 տարի, այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։

Sputnik Արմենիա

Leave a comment