ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է, որ ՀՀ–ն աջակցում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի` օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Պատվիրակությունը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հայկական կողմը միաժամանակ կարևորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակական և սերտ համագործակցության զարգացումը։
Մասնավորապես, ընդգծվել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում միջազգային գործակալության հետ փոխգործակցությանը՝ ինչպես գործող հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման, այնպես էլ նոր ատոմակայանի անցման գործընթացում։
Պատվիրակությունը շեշտադրել է այդ աշխատանքներն անվտանգության պահանջներին համապատասխան և պատասխանատու կերպով իրականացնելու անհրաժեշտությունը՝ վերահաստատելով միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։