2025-ը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար. ՆԳ նախարարը մանրամասնել է

«2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար, որովհետև տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով: Սա չափազանց կարևոր արձանագրում է»:

Այս մասին 2025 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ համաձայն սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի՝ 2025-ի ընթացքում ՀՀ մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ, դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ: 

«Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե՛ ՀՀ քաղաքացիների մասով, թե՛ օտարերկրացիների մասով բացառիկ են դիտարկվում:

Ինչո՞ւ ենք ասում՝ բացառիկ են դիտարկվում, որովհետև 2010 թվականից է, ինչ սկսել ենք հաշվարկել հատկապես ՀՀ քաղաքացիների հետ կապված մուտքերի, ելքերի միգրացիոն հաշվեկշիռը, միգրացիոն սալդոն, և առաջին անգամ է, որ մենք ունենք լիովին այլ պատկեր:

Արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական հաշվեկշիռ՝ սալդո, որը կազմել է 30.477: Այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է՝ 8660: Վերջին 15 տարիների կտրվածքով, այսինքն՝ 2010-ից, երբ սկսել ենք հաշվարկել, առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է:

Միակ բացառությունն ունեցել ենք 2020-ին՝ քովիդով պայմանավորված, որը պետք է դիտարկենք որպես ոչ օրինաչափ իրավիճակ: Համաշխարհային մակարդակում քովիդով պայմանավորված՝ տարբեր քաղաքացիների հարկադիր և իրավիճակային վերադարձ ունեցել ենք իրենց հիմնական քաղաքացիության երկիր, և այս առումով 2025-ը եղել է իրապես բացառիկ տարի, և մենք գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և ներգաղթի միտումներ են արդեն իսկ ձևավորվում մեր միգրացիոն իրավիճակում:

Սա վկայում է ՀՀ ներքին անվտանգային իրավիճակի մասին, խաղաղության ջանքերի և մնացյալ փոփոխությունների մասին, որոնք տարվա կտրվածքով հասցրել ենք ունենալ»,- ասել է նախարարը:

Leave a comment