Հանրությանն է դիմել դատապարտյալ Արմեն Աշոտի Ղևոնդյանը: Իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը ներկայացնում է նրա խոսքը, միաժամանակ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում այս դատական գործի որոշ մանրամասների վրա. «Դատական սխալներով և «վրիպակների ուղղումներով» հարուստ այս գործի որոշ փաստեր օրերս ներկայացրել եմ ՀՀ արդարադատության նախարարին, խնդրելով ուսումնասիրել ներկայացված փաստերը և հիմքերի առկայության հիմնավորման դեպքում միջնորդություն ներկայացնել ԲԴԽ՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում նաև իրավասու պետական մարմիններին, նաև ՔԿԾ մարմիններին և անձանց, ովքեր մշտապես պատշաճ ուշադրության են արժանացնում կալանավորների և դատապարտյալների խնդիրները, ցուցաբերում նրանց խնդիրների նկատմամբ օրենքով սահմանված միջամտություն: Հատուկ շնորհակալություն նաև «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանին՝ այս և այլ իրավական գործեր պատշաճ բարձր մակարդակով լուսաբանելու համար»:
Ներկայացնում ենք Արմեն Ղևոնդյանի խոսքն ամբողջությամբ.
«Իրավապաշտպանների և հոգեբանների ասոցիացիայի նախագահ հարգարժան պարոն Խաչատուր Մարոզյանի միջոցով ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, լրագրողներին և լրագրողական խմբերին, որոնք իրենց պատշաճ, բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի շնորհիվ անդրադառնում են հասարակությանը հուզող խնդիրներին և իրենց կարևոր ներդրումն ունեն հանրային իրազեկվածության բարձրացման գործում։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բարձրացրած խնդրի նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու, մարդու իրավունքների պաշտպանության հարցերը հանրայնացնելու և արդարության ձայնը լսելի դարձնելու համար։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է, որ լրատվամիջոցները շարունակեն իրենց անկախ, անաչառ և սկզբունքային աշխատանքը՝ ուշադրություն հրավիրելով այն խնդիրների վրա, որոնք անմիջականորեն առնչվում են մարդու իրավունքներին, ազատությանը և արդարադատությանը։
Հույս ունեմ, որ պարոն Խաչատուր Մարոզյանի և իրավապաշտպան հանրության աջակցությամբ հնարավոր կլինի պատշաճ ուշադրություն հրավիրել նաև պատժաժամկետների հաշվարկման հետ կապված իմ բարձրացրած հարցերի վրա՝ նպաստելով դրանց օբյեկտիվ ուսումնասիրմանը և իրավական լուծմանը։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդու ճակատագրի, արդարության և օրենքի գերակայության նկատմամբ»։
Արմեն Աշոտի Ղևոնդյան
«Առավոտ» օրաթերթ
16.10.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: