Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Լեհաստանում զորավարժություններ կանցկացնեն

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի զինվորականները նոյեմբերին Լեհաստանում կմասնակցեն լայնածավալ զորավարժությունների, որոնց ընթացքում կմշակեն զորքերի ու ռազմական բեռների տեղափոխման սցենարներ՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինային հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին, Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպումից հետո հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը, փոխանցում է Daily Mail-ը։

Բրիտանական մամուլի տվյալներով՝ վարժանքներին կներգրավվի առնվազն 1500 զինծառայող։ Դրանք կօգնեն եվրոպական երկրներին նախապատրաստվել հրադադարի համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի հնարավոր տեղակայմանը։

«Հաջորդ ամիս հազարավոր զինծառայողներ կմասնակցեն Լեհաստանում կայանալիք խոշոր զորավարժություններին, որպեսզի պատրաստ լինենք աջակցելու Ուկրաինային թե՛ ռազմական պատրաստության, թե՛ հետպատերազմյան վերականգնման հարցում»,— հայտարարել է Սթրիթինգը։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան «ցանկացողների կոալիցիայի» մյուս անդամների հետ նախատեսում է նախօրոք պատրաստվել Ուկրաինայում խաղաղության և անվտանգության ապահովմանը։

Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն մեկ տարածքում տեղակայված բազմազգ ուժերի համատեղ գործողությունները։ Լեհաստանի վարչապետը նույնպես ողջունել է վարժանքների անցկացումը՝ ընդգծելով բրիտանացի և ֆրանսիացի զինվորականների ներկայության կարևորությունը։

Միևնույն ժամանակ, բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլի Ուոքերը զինծառայողներին զգուշացրել է համաշխարհային անկայունության խորացմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան շուտով ստիպված կլինի հանրության հետ ավելի անկեղծ զրույց վարել առկա սպառնալիքների և հնարավոր հակամարտությանը երկրի պատրաստվածության շուրջ։

Զորավարժությունները կանցկացվեն ռուս-ուկրաինական շարունակվող մարտերի և հնարավոր հրադադարի շուրջ քննարկումների ֆոնին։

Մասնավորապես՝ «էներգետիկ զինադադարի» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո էլ Ուկրաինան շարունակել է հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման օբյեկտներին։ Թրամփն այդ հարձակումները «խայտառակություն» է անվանել՝ նշելով, որ դրանք կարող են հանգեցնել էներգակիրների համաշխարհային գների աճին։

NEWS.am

Leave a comment