«Հայ գերիների՝ մինչ այժմ ազատ արձակումները տեղի են ունեցել զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է նրանց ազատ արձակումը»․ Հիլդա Չոբոյան

«Այսօր՝ 2026-ի հոկտեմբերի 16-ին, Ալյոշա Խոսրովյանն ադրբեջանական զնդաններում գերության մեջ է 2204 երկար օրեր ի վեր։ Ալյոշայի ճակատագրակիցը Լյուդվիգ Մկրտչյանն է, որն այսօր 2187 օրվա կալանավորումն է լրացնում»,- «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

Նա փաստեց, որ այս երկու ռազմագերիները 44-օրյա պատերազմից հետո են գերեվարվել և դատապարտվել 20 տարվա բանտարկության․ «Օրինաչափություն է, որ առ այսօր ադրբեջանական իշխանություններն առանց բացառության երկար տարիների բանտարկության են ենթարկել զինվորականների, քաղաքացիական անձանց, քաղաքական պատասխանատուներին արցախյան առաջին պատերազմի ընթացքում պատերազմական ոճիրներ գործած լինելու մեղադրանքով, նույնիսկ երբ նրանք չեն մասնակցել այդ պատերազմին, հակառակ բոլոր փաստերին, որոնք ցույց են տալիս, որ նրանք 1990-ականներին ռազմական գործողությունների դաշտից հեռու էին եղել։

Ադրբեջանական բանտերում հայ բանտարկյալներից վերջինը 2025-ի սեպտեմբերին Ստեփանակերտում ձերբակալված և դեկտեմբերին 16 տարվա բանտարկության դատապարտված Կարեն Ավանեսյանն է։

Արցախահայերի էթնիկ զտումից հետո Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանը, որին հարևանները նկարագրում են իբրև միայնակ և որոշ չափով արվեստագետի խառնվածքով մարդ, ադրբեջանական քարոզչության կողմից ներկայացվեց, որ իբր հայերը կամովին հեռացել էին, մինչդեռ ենթադրաբար կարող էին շարունակել ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, ինչպես այս հնազանդ մարդու օրինակն էր ցույց տալիս։ Սակայն Ստեփանակերտի վերջին հային ծանր պատժի դատապարտեցին։ Բաքուն հակառակն է ապացուցում։ Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանի համար ցանկացած հայ ի բնե հանցագործ է»։

Հիլդա Չոբոյանն ասաց՝ մենք հայ գերիներին դիտարկում ենք որպես Ադրբեջանի պետական պատանդներ․ «Այս արտահայտությունն իրավական կատեգորիա չէ, սակայն քաղաքագիտությունը մշակել է պատանդային դիվանագիտություն հասկացությունը, որը հատկանշում է այն գործելակերպը, որը կայանում է օտար քաղաքացիների կամայական բանտարկության և նրանց երկրից քաղաքական, տնտեսական և այլ զիջումներ կորզելու դիմաց միայն նրանց ազատելու գործողության մեջ։ Իրողություն է, որ առայժմ հայ ռազմագերիների ազատումները տեղի են ունեցել ադրբեջանական պահանջներով տարբեր բնույթի զիջումների դիմաց, մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսում է նրանց ազատ արձակումը»։

LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment