Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա առաջին այցը Հայաստան, ինչպես նաև մասնակցությունը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին ու COP17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել COP17 համաժողովի անցկացումը Հայաստանում:
Զրուցակիցներն անդրադարձել են Կազմակերպության արդիականացման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանն ու «Կրթություն հանուն խաղաղության» օրակարգի առաջմղմանը:
Քննարկվել է նաև նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանությունը:
Հանդիպման ընթացքում կարևորվել են 2027թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակում մշակույթի և արհեստական բանականության համաժողովի անցկացումը, ինչպես նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: