Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ նախարարությունը գրությամբ դիմել էր ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը։ «Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, որը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են կառավարության առաջարկը։ Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը։ Եվ այսօր առաջարկում ենք ՀՀ կառավարությանը՝ ընդունել որոշում՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ՀՀ սեփականությունը գրանցելու մասին, այսինքն՝ գերակա շահ ճանաչելու մասին»,- ասաց նախարարը։
Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները նաեւ կուսումնասիրեն Հայաստանի էլեկտրական ցանցերի մասնավորեցման գործընթացը եւ դրա օրինականությունը։ Բայց նաեւ մենք պրոցեսները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետեւ մեկը մյուսին չի խանգարում եւ չի բացառում։ Մենք գնալու ենք այս ճանապարհով, եւ հասել ենք մեր հերթական հանգրվանին։ Այստեղ հիմնական հարցը, որը ծագում է՝ գնագոյացման հետ կապված խնդիրն է, որովհետեւ ըստ տրամաբանության՝ մենք պետք է սեփականատերերին վճարենք։ Հիմա ինչպես եւ ինչ ընթացակարգով ենք որոշելու՝ մոտավորապես ինչքա՞ն ենք վճարելու»։
Խուդաթյանն ասաց, որ չի կարող թիվ ասել, որովհետեւ պետք է գնահատում իրականացվի։
«Մեր պլանը հետևյալն է, որ դա դառնում է պետական սեփականություն, եւ մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբի, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայնդեպս մեր պլան «ա»-ն դա չէ: Եթե հանկարծ ինչ-որ հանգամանք կպարզվի, որ մենք այս մեր պլան «ա»-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, մենք նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը»,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․ «Այս որոշմամբ նախատեսված է, որ երկամսյա ժամկետում պիտի գույքի նկարագրությունը արվի, մենք պարտավոր ենք բացահայտել բոլոր ռիսկերը, որոնք մինչ օրս արձանագրվել են։ Եվ չի բացառվում, որ նաեւ նկարագրական մասում նկարագրվի մասնավորեցման գործընթացը, որպեսզի պոտենցիալ նոր գույքատերը լավ հասկանա, թե ինչ է գնում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: