Օնլայն տիրույթում հնարավոր չէ խուլիգանություն կատարել, դա զավեշտ է. Ռաֆայել Իշխանյան. «Հրապարակ»

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Ռաֆայել Իշխանյանը մեզ հետ զրույցում ասում է. «Այս տարիներին ֆեյսբուքյան պոստերի համար էլի են մարդկանց կալանավորել՝ Արթուր Դանիելյանի դեպքն առաջինը չէ։ Աննախադեպ է, որ նրան մեղադրում են խուլիգանության մեջ, դա իսկապես սպեցիֆիկ երեւույթ է: Արագած Ախոյանին էլ տարիներ առաջ մեղադրում էին բռնության կոչեր անելու մեջ, հիշենք Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի գործը: Վիրավորանքի հոդվածը, որն ապաքրեականացվեց, հետո նորից ծանր վիրավորանքը քրեականացվեց, սակայն միջազգային ճնշումների արդյունքում կրկին ապաքրեականացվեց, փաստորեն, զուտ շրջանցվեց, այն հիմա էլ գործում է, սակայն գործում է խուլիգանության հոդվածի անվան տակ: Գործի հիմքերը լրիվ նույնն են, հայհոյանքը մեկնաբանվում է որպես խուլիգանություն։ Էլ չենք խոսում այն մասին, թե ինչպես է հնարավոր խուլիգանության արխայիկ հոդվածը կիրառել թվային տիրույթում: Օնլայն տիրույթում հնարավոր չէ խուլիգանություն կատարել, դա զավեշտ է: Վիրավորանքի ապաքրեականացման պայմաններում փաստացի այն շարունակվում է մնալ քրեական, պարզապես ներկայացվում է որպես խուլիգանություն: Ատելության խոսքի, բռնության կոչերի հոդվածները շարունակվում են մեկնաբանվել խիստ կամայական: Քաղաքական հատկանիշը դառնում է անձի ինքնության մաս, ինչպես, օրինակ, մաշկի գույնը, ընդդիմադիր լինելը համարում են բավարար պայման՝ վարույթ հարուցելու համար: Կա եւս մեկ զավեշտալի, միեւնույն ժամանակ մտահոգիչ հոդված, այն վերաբերում է իրավապահներին արատավորելուն: Չի կարող պետական մարմնի վրա այդ հոդվածը կիրառվել: Այն կարող է կիրառվել, օրինակ, եթե անձը անհատ քննիչին շանտաժ է արել՝ ակնկալելով, որ քննիչն իր հանդեպ արտոնյալ վերաբերմունք ցուցաբերի: Օրինակ` քննիչի ինտիմ կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու շանտաժի պարագայում կարող է այդ հոդվածը կիրառվել: Պետական մարմնին քննադատելը անգամ քաղաքացիական հայցի առարկա չպետք է դառնա, ուր մնաց՝ քրեական»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment