ԵՄ-ում գազի գներն Իրանի հակամարտության մեկնարկից առաջվա համեմատ աճել են 170%-ով․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայում բնական գազի հիմնական գները 170%-ով աճել են՝ Իրանի մասնակցությամբ հակամարտության մեկնարկից առաջ գրանցված մակարդակի համեմատ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Financial Times (FT) պարբերականը։

«Գները գերազանցել են 86 եվրոն մեկ մեգավատտ-ժամի դիմաց՝ հասնելով 2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Սա նշանակում է, որ Իրանի մասնակցությամբ հակամարտության մեկնարկից ի վեր գներն աճել են մոտ 170%-ով։ Մինչ այդ դրանք կազմում էին մոտ 32 եվրո՝ մեկ մեգավատտ-ժամի դիմաց»,- նշվում է հոդվածում։

Էներգետիկ շուկայի վրա ճնշում գործադրող հիմնական գործոններից են ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների հետ կապված քաղաքական անորոշությունը, ինչպես նաև նորվեգական «Կարստյո» (Kårstø) գազի վերամշակման գործարանում և ծովային հիմնական հանքավայրերում իրականացվող արտահերթ տեխնիկական սպասարկման աշխատանքները, որոնց հետևանքով խողովակաշարերով գազի արտահանումը կտրուկ նվազել է։

Իրավիճակն ավելի է բարդանում Իրանի մասնակցությամբ հակամարտության պատճառով, որը սահմանափակում է հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) տեղափոխող տանկերների անցումը Հորմուզի նեղուցով և փոխադրողներին ստիպում է ընտրել ավելի երկար երթուղիներ՝ շրջանցելով Աֆրիկան։

Լրացուցիչ գործոններից են հոկտեմբերի 1-ին պաշտոնապես մեկնարկած ջեռուցման սեզոնը, առաջիկայում ավելի ցուրտ եղանակի կանխատեսումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ԵՄ գազի ստորգետնյա պահեստարաններն այս պահին լցված են ընդամենը 73%-ով։

Reuters-ի վերլուծաբանները վերջերս հայտնել են, որ Եվրոպայում գազի բարձր գները կարող են պահպանվել առնվազն ևս մեկ տարի, նույնիսկ եթե Իրանի մասնակցությամբ հակամարտությունը կարգավորվի, իսկ ձմեռը մեղմ լինի։ Պատճառներից մեկը սպառված պաշարները վերականգնելու անհրաժեշտությունն է։ Փորձագետների գնահատմամբ՝ քիչ հավանական է, որ գազի գները մինչև 2028 թվականը վերադառնան հակամարտությունից առաջ գրանցված մակարդակներին։

Հոկտեմբերի 9-ին Politico-ն հայտնել էր, որ Եվրոպական միությունը ձմռան նախաշեմին բախվում է գազի պակասուրդի վտանգին, ինչը կարող է հանգեցնել կոմունալ վճարների կտրուկ աճի։ Նշվել էր, որ Եվրոպան բնական գազը լայնորեն օգտագործում է շենքերի ջեռուցման և արդյունաբերական կարիքների համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։

Leave a comment