Իրավապահները բացի «Իզմիրլյան» ԲԿ-ի՝ ֆինանսական գծով տնօրենի տեղակալի համակարգչից, այսօր առգրավել են նաեւ բժշկական կենտրոնի հաշվապահի համակարգիչը:
-Առավոտյան պլանային քննարկման էինք մասնակցում, ընդհատվեց, որովհետեւ արդեն քննչական մարմինները եկել էին: Երեք սենյակներում՝ տնօերնի, բուժական ու ֆինանսական գծով փոխտնօրենների, խուզարկություն է իրականացվում: Առգրավել են գլխավոր հաշվապահի ու փոխտնօրենի համակարգիչները,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:
-Սա, իմ կարծիքով, հակաեկեղեցական արշավի եւս մեկ դրսեւորում էր, մենք սրան սպասում էինք, ասեմ ավելին՝ շատ են ուշացել, մենք ավելի շուտ էինք սպասում: Քննչական կոմիտեն տարածեց՝ խոշոր չափի հարկեր չեն վճարել, բացարձակ լկտի սուտ: Մենք դրա հետ կապ չունենք, ձեւակերպումը պատրաստ եկել էին, ուղղակի պետք էր խուզարկությունները սկսեին, հետո հայտարարեին,- հավելեց հայր սուրբը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ խուզարկություններն իրականացվում են խոշոր հարկերից խուսափելու ու փողերի լվացման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Արփնե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: