Պաշտոնից ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Միքայել Ադամյանը։ Այս մասին հայտնում է Radar Armenia–ն, որը կապվում է Տիգրան Ավինյանի անվան հետ։
«Կադրային փոփոխություններ կլինեն նաև վարչական շրջանների ղեկավարների տեղակալների և մի շարք բաժինների պետերի կազմում»,-նշում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների ազատման մասին։ Մալաթիա-Սեբաստիայի արդեն նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը եղել է Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրենը։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանին զեկուցել են Կատվալյանի՝ նախկին աշխատավայրի գործունեության հետ կապված տեղեկություններ, որոնք, ըստ ներկայացված հաղորդումների, առնչվել են կոռուպցիոն բնույթի հնարավոր դրսևորումների։ Խոսքը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասին է, որը Կատվալյանը ղեկավարել է մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց այդ տեղեկություններն են հասել քաղաքապետին, որից հետո Տիգրան Ավինյանը որոշել է դադարեցնել Կատվալյանի պաշտոնավարումը։ Որոշումն այնքան արագ է կայացվել, որ Կատվալյանը չի հասցրել անգամ հասկանալ, թե ինչ է կատարվում։