Երևանի քաղաքապետարանում ավարտվել է Շինարարների փողոցի կրպակատերերի հանդիպումը աշխատակազմի և քարտուղարության ղեկավարների հետ։ Պաշտոնյաները պնդել են, որ կրպակների քանդման բոլոր իրավական հիմքերը կան, թեպետ այդ հիմքերը կրպակատերերը դեռ չեն տեսել, հայտնում է Sputnik Արմենիան:
«Դեռևս հստակ բան չասեցին, ասեցին՝ կտեղեկացնենք։ Ասեցին՝ ձեր դիմումներն ու խնդրանքները տվեք առաջին պատուհան։ Մենք ասեցինք՝ ոչ մի տեղ չենք գնում։ Աշխատակազմի ղեկավարն ասեց՝ հանգիստ եղեք, ձեզ բոլոր իրավական հիմքերով կծանուցվի․․․»,- նշել է կրպակատերերից Դավիթ Նահապետյանը։
Կրպակատերերը քաղաքապետարանի պատասխանատուներից պահանջել են տրամադրել ապամոնտաժման որոշումների իրավական հիմքերը, ինչպես նաև բավարար ժամանակ հատկացնել դրանց ծանոթանալու և ուսումնասիրելու համար։
Կրպակատերերից մեկն ասել է, որ քաղաքապետարանում զարմանք են առաջացրել իր ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ հողի վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2029թ․, ու դա արվել է ընդամենը 3 ամիս առաջ։
Քանի որ քաղաքապետարանում հանդիպումը, ըստ էության, ոչինչ չտվեց, կրպակատերերը որոշել են իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության մոտ։
Երևանի Շինարարների փողոցի մի խումբ կրպակատերեր մտադիր են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի գործողությունների առնչությամբ։ Այդ նախաձեռնության վերաբերյալ քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում տեղեկացրել է կրպակատեր Դավիթ Նահապետյանը։
Դավիթ Նահապետյանը հայտնել է, որ ինչպես իրենց, այնպես էլ մի շարք այլ տնտեսվարողների շահերը ներկայացնող փաստաբաններն արդեն կազմել են համապատասխան փաստաթուղթը։ Այն հասցեագրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։ Փաստաթղթի պատճենը նախատեսվում է ուղարկել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է մեզ պատկանող գույքերի քանդման աշխատանքներ։ Տեղյակ ենք, որ 13․10․2026թ․ ցանկանում են Կադաստրի կոմիտեի վավեր վկայականով մեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերը քանդել»,- նշված է հաղորդման մեջ։
Կրպակատերերը շեշտում են, որ վիճարկվող կառույցներն ինքնակամ շինություններ չեն։ Նրանց պնդմամբ՝ խոսքը սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի մասին է, որի ապամոնտաժման իրավասությունը քաղաքապետարանը չունի։ Նրանք համոզված են, որ սեփականության իրավունքը հաստատող վավեր փաստաթղթերի առկայության պայմաններում քաղաքային իշխանությունները չեն կարող իրականացնել այդ գույքի քանդումը։
Կրպակատերերը մի քանի օր առաջ տեղեկություն են ստացել, որ հոկտեմբերի 13-ին նախատեսվում է քանդել իրենց առևտրային տաղավարները։ Նրանց հավաստմամբ՝ խանութների նկատմամբ ունեն սեփականության իրավունքը հաստատող համապատասխան վկայականներ։ Չնայած դրան՝ քաղաքային իշխանությունները որոշել են իրականացնել ապամոնտաժումը՝ սեփականատերերին չտրամադրելով բավարար ժամանակ որոշման հիմքերն ուսումնասիրելու և այն օրենքով սահմանված կարգով վիճարկելու համար։
Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հանրային շահը բոլոր դեպքերում գերակայում է մասնավոր շահին։ Նա վերահաստատել է կրպակներն ապամոնտաժելու քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ ընդգծելով, որ մայթերը պետք է վերադարձվեն Երևանի բնակիչներին։