Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը հիշեցրեց՝ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում էր շուրջ 880 մլն դոլար:
«Այս ծավալի ծրագրի իրականացումը պահանջում է ինչպես պետական բյուջեի միջոցների, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությունը: «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը» նախատեսված է, մի կողմից, շարունակելու տեղահանված անձանց բնակարանային աջակցության հնարավորությունները, մյուս կողմից՝ ստեղծելու ավելի երկարաժամկետ ու կայուն հիմք Հայաստանի բնակարանային շուկայի ու հիփոթեքային շուկայի զարգացման համար:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է 284,4 միլիոն դոլար, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են. 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը։ Բացի դրանից՝ կա ևս 10 միլիոն դրամաշնորհ՝ «Կենսունակ մոլորակ» հիմնադրամից, և 1 միլիոն վարկային միջոցներ էլ ուղղվելու են Ազգային հիփոթեքային ընկերությանը»,- ասաց Քոչարյանը՝ ներկայացնելով ծրագրի բաղադրիչները:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում կանխիկ աջակցության ծրագրի շահառու կդառնան մոտ 45 հազար տեղահանված անձինք, իսկ 6500 տեղահանված ընտանիքներ էլ կստանան բնակարանի ձեռքբերման հավաստագիր:
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծրագրի կարևոր բաղադրիչ է Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացումը, ապա, անդրադառնալով վարկի ֆինանսավորման պայմաններին, հայտնեց, որ վարկի գումարը կազմում է 240 միլիոն դոլար, ունի 29 տարվա ժամկետ, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատված է, իսկ վարկի տոկոսադրույքը լողացող է:
«Վարկի փակման ամսաթիվը 2030 թվականի դեկտեմբերի 30-ն է, իսկ մասնահանումների վերջնաժամկետը դրանից 4 ամիս անց է: Միաժամանակ, վարկի պայմաններով նախատեսվում է 0,25 տոկոս միանվագ կոմիսիոն վճար և 0,25 տոկոս պարտավորության վճար չմասնահատված գումարի համար:
Վարկի առաջին մարումը նախատեսվում է 2036 թվականի փետրվարի 1-ին»,- հայտնեց Լուսինե Քոչարյանը: