Ինչպես ձեռք բերել նոր ընկերներ հասուն տարիքում

Մեծ տարիքում նոր ընկերներ ձեռք բերելը բարդ է կառուցվածքային, այլ ոչ թե անձնական պատճառներով, գրում է Lifehack-ը։ Մեծահասակների կյանքն այլևս ձեզ չի դնում նույն մարդկանց հետ կողք կողքի՝ օրեցօր ու ամեն շաբաթ։ Դպրոցը, համալսարանի հանրակացարանը կամ առաջին աշխատավայրը ձեզ պարտադրում էին նույն դեմքերը ամեն շաբաթ՝ անկախ նրանից՝ տրամադրված էիք շփման, թեոչ։ Այժմ յուրաքանչյուր հանդիպում պետք է նախապես պլանավորվի, և պլանավորողն ինքներդ եք։ Ձեր շփվելու հմտությունը ոչ մի տեղ չի կորել․ կորել է պարբերականությունը։

Մարդկանց մեծ մասը հստակ հիշում է այն ամիսը, երբ դա ակնհայտ դարձավ․ տեղափոխություն, հեռավար աշխատանքի անցում, ամուսնալուծություն, երեխայի ծնունդ կամ մոտ ընկերոջ տեղափոխությունը մեկ այլ քաղաք։ Ոչ մի դրամատիկ բան չի պատահել․ դուք օրվա ընթացքում շփվում եք մարդկանց հետ, հավաքույթներին ձեզ լավ եք զգում, իսկ ընկերական չատերը դեռ ակտիվ են։

Բայց չկա մեկը, ում կարող եք երեքշաբթի երեկոյան գրել այն մտքի մասին, որը ձեզ հանգիստ չի տալիս կիրակի օրվանից։ «Ծանոթ» և «ընկեր» հասկացությունների միջև հեռավորությունը հսկայական է, և միայն հաճելի անձնավորություն լինելը բավարար չէ այն կամրջելու համար։

Դուք մենակ չեք, և խնդիրը ձեր մեջ չէ

Այն զգացողությունը, թե միայն դուք եք կորցրել ընկերանալու թելը, չի դիմանում վիճակագրության քննությանը։ Survey Center on American Life-ի 2021 թվականի զեկույցի համաձայն՝ հարցվածների 12%-ը նշել է, որ չունի ոչ մի մոտ ընկեր (1990 թվականին այդ ցուցանիշը ընդամենը 3% էր)։ Իսկ 10 կամ ավելի մոտ ընկեր ունեցողների մասնաբաժինը 33%-ից նվազել է մինչև 13%։ Միտումն ակնհայտ է։

Թերևս արդեն փորձել եք մեծահասակների համար նախատեսված ստանդարտ խորհուրդները․ «ավելի հաճախ «այո» ասեք», «գրանցվեք որևէ ակումբում», «դուրս եկեք հարմարավետության գոտուց», «ներբեռնեք ծանոթությունների հավելվածներ»։ Սրանցից որևէ մեկը սխալ չէ, և շատ բան կարող է աշխատել մեկ երեկոյի համար։ Խնդիրն այն է, որ դրանք նկարագրում են ամիսներ տևող պրոցեսի միայն առաջին 45 րոպեն, ապա լռում հենց այնտեղ, որտեղ սկսվում է ամենաբարդ հատվածը։

Սա փոքր անհարմարություն չէ։ ԱՄՆ գլխավոր բժշկի (Surgeon General) 2023 թվականի զեկույցում նշվում է, որ թույլ սոցիալական կապերը 29%-ով բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների և 32%-ով կաթվածի ռիսկը։ Զեկույցում ուղղակիորեն նշվում է․ «Սոցիալապես մեկուսացված լինելու ազդեցությունը մահացության վրա համադրելի է օրական մինչև 15 տուփ ծխախոտ ծխելու վնասի հետ»։

Ընկերությունը ժամանակացույցի խնդիր է, այլ ոչ թե՝ բնավորության

Հարցը նոր մարդկանց հետ ծանոթանալը չէ։ Հարցն այն է, թե ինչպես տվյալ մարդուն տեսնել չորրորդ, ութերորդ կամ քսաներորդ անգամ՝ առանց ամեն անգամ հանդիպումը զրոյից պլանավորելու և համաձայնեցնելու։ Դուք, հավանաբար, արդեն բավարար չափով նոր մարդկանց հանդիպում եք։ Այն, ինչ չունեք, մի կառուցվածք է, որը ձեզ նորից կդնի նրանցից որևէ մեկի դիմաց հաջորդ շաբաթ։

Կանզասի համալսարանի հետազոտող Ջեֆրի Հոլը (Jeffrey Hall) ուսումնասիրել է միասին անցկացրած ժամանակի ազդեցությունը և առանձնացրել հետևյալ սահմանաչափերը․ մոտ 40-60 ժամ է անհրաժեշտ սովորական ծանոթից «մակերեսային ընկեր» դառնալու համար, 80-100 ժամ՝ «ընկեր» դառնալու համար, և ավելի քան 200 ժամ, որպեսզի կիրառելի լինի «մոտ ընկեր» բառը։

Այժմ նայեք, թե որտեղից կարող են գոյանալ այդ ժամերը։ Եթե յուրաքանչյուր ժամ պահանջում է որոշում, նամակագրություն և օրացույցի համադրում, դուք երբեք չեք հավաքի այդ 200 ժամը։ Իսկ եթե այդ ժամերը լինեն ֆիքսված օրերին՝ անկախ ձեր տրամադրությունից, դրանք կկուտակվեն ինքնաբերաբար։

Ահա թե ինչու է կազմակերպված մոտիկությունը (arranged proximity) այդքան արդյունավետ։ 182 դասարաններում անցկացված փորձարարական հետազոտությունը ցույց է տվել, որ աշակերտներին պարզապես կողք կողքի նստեցնելը մեծացնում է փոխադարձ ընկերության ձևավորման հավանականությունը 15%-ից մինչև 22% (Rohrer, Keller & Elwert, PLOS ONE, 2021)։ Սկզբունքը գործում է նաև մեծահասակների համար․ երբ արտաքին հանգամանքները պարբերաբար նույն վայրում են հավաքում երկու մարդու, ձևավորվում է ընկերություն, որն այլապես չէր առաջանա։

Չորս քայլ, որոնք կրկնվող շփումը վերածում են ընկերության

Երբ ընդունում եք, որ պարբերականությունը հիմնական շարժիչ ուժն է, գործընթացը բաժանվում է չորս քայլի․

1. Ընտրեք այնպիսի զբաղմունք, որը կրկնվում է, այլ ոչ թե այն, որն ավելի գրավիչ է թվում

Առաջնորդվեք ժամանակացույցով, ապա նոր՝ հետաքրքրությամբ։ Երեքշաբթի երեկոյան սիրողական ֆուտբոլի կամ վոլեյբոլի հանդիպումները, որոնց նկատմամբ չեզոք եք, ավելի արդյունավետ կլինեն, քան մեկանգամյա հետաքրքիր դասախոսությունը, որովհետև դասախոսությունը ավարտվում է, իսկ խաղերը՝ոչ։

Ֆիլտրեք ըստ չորս չափանիշի․

  • Հանդիպում է ֆիքսված օրերին,

  • Հավաքում է հիմնականում նույն մարդկանց,

  • Տևում է առնվազն վեց շաբաթ,

  • Ունի «ազատ ժամանակ» (downtime)։

Վերջին կետը շատ կարևոր է․ զրույցները տեղի են ունենում ընդմիջումների ընթացքում։ Վազքի ակումբը, որից հետո սուրճ են խմում, ավելի նախընտրելի է, քան պարի կամ ֆիտնեսի խումբը, որտեղ բոլորը նայում են պատին։ Կամավորական աշխատանքները, երգչախմբերը, լեռնագնացության խմբերը կամ շաբաթական դասընթացները կատարյալ տարբերակներ են։

2. Կուտակեք ժամերը նախքան հետաքրքիր թվալու փորձերը

Նպատակադրվեք հաճախել առնվազն չորսից վեց անգամ, ոչ թե մեկ։ Մարդկանց մեծ մասը թողնում է նոր ակումբը 2-3 հանդիպումից հետո, որովհետև «ոչինչ չստացվեց»։ Սա նման է գիրքը 9-րդ էջում փակելուն․ դեռ ոչինչ չէր էլ նախատեսվում։ Նախապես որոշեք, որ հաճախելու եք 6 անգամ, նախքան տվյալ վայրի կամ մարդկանց մասին դատողություններ անելը։ Սովորեք անունները և կիրառեք դրանք։ Ծանոթությունը կատարում է հիմնական աշխատանքը՝ անկախ նրանից՝ դուք տպավորիչ էիք, թեոչ։

3. Առաջին հրավերը արեք փոքր, հստակ և «կից» տարբերակով

Սա այն քայլն է, որը գրեթե բոլորը բաց են թողնում, բայց հենց սա է ծանոթին վերածում ընկերոջ։ «Կից» նշանակում է նույն ժամին, նույն վայրում, 30 րոպե ավելի երկար․ «Մի քանի հոգով հանդիպումից հետո գնում ենք սուրճ խմելու, միացիր»։ «Փոքր» նշանակում է ցածր պատասխանատվություն երկուսիդ համար էլ։ «Հստակ» նշանակում է կոնկրետ օր և պլան, որովհետև «մի օր պետք է հանդիպենք» արտահայտությամբ մեծահասակները պարզապես հրաժեշտ են տալիս։

Մարդիկ խուսափում են սրանից սխալ ընկալման պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ զրուցակցին դուր են գալիս ավելի շատ, քան իրենք կարծում են (“liking gap”): Այն անհարմարությունը, որին պատրաստվում եք, հիմնականում ձեր գլխում է։ Ենթադրեք, որ դուք ավելի լավ տպավորություն եք թողել, քան զգում եք, և առաջարկեք։

4. Դուրս բերեք ընկերությունը սկզբնական միջավայրից

Ընկերությունը, որն ապրում է միայն մեկ միջավայրում (օրինակ՝ միայն մարզասրահում), ավարտվում է այդ միջավայրի հետ։ Դասընթացն ավարտվեց, կամավորության ռոտացիան փոխվեց, և դուք նորից վերադառնում եք պարզապես բարևելուն։ Երբ 2-3 «կից» հրավեր արդեն ստացվել են, արեք մեկ պլան, որը կապ չունի սկզբնական վայրի հետ․ նախաճաշ շաբաթ օրը, միասին գնումների գնալը կամ տեղափոխվելիս օգնելը։ Դուք ապացուցում եք միմյանց, որ կապը կարող է գոյատևել առանց սկզբնական «կաղապարի»։

Ինչ տեսք ունի 12 շաբաթն իրականում

Ահա այն հաշվարկը, որը ոչ ոք չի գրում․

Անին (38 տարեկան) տեղափոխվել է նոր քաղաք և գրանցվել չորեքշաբթի երեկոյան անցկացվող ժայռամագլցման խմբակում։ Շաբաթական 2 ժամ։ 12-րդ շաբաթվա վերջում նա արդեն անցկացրել է մոտ 24 ժամ նույն 8 մարդկանց հետ։ Սա ձախողում չէ․ սա ճանապարհի կեսն է, իսկ հաջորդ 24 ժամն արդեն պլանավորված է օրացույցում։

5-րդ շաբաթում նա արեց 3-րդ քայլը․ խմբից երկու հոգու առաջարկեց հանդիպումից հետո սուրճ խմել, որովհետև սրճարանը հարևանությամբ էր։ Դա դարձավ սովորություն։ 10-րդ շաբաթում նրանք արդեն ունեին առանձին չատ, որտեղ քննարկում էին թեմաներ, որոնք կապ չունեին ժայռամագլցման հետ։

Արամը (52 տարեկան) ընտրեց այլ ճանապարհ։ Նա միացավ շաբաթ օրերի քայլարշավային ճանապարհների բարեկարգման թիմին, որտեղ նույն 14 մարդիկ էին ամեն շաբաթ։ 6 շաբաթ նա ուղղակի լսում էր։ Հետո սկսեց առաջարկել միասին սենդվիչ ուտել արշավից հետո։ Չորս ամիս անց այդ մարդկանցից երկուսը նրան գրում են շաբաթվա ընթացքում ամենատարբեր հարցերով։

Նրանցից ոչ ոք արտակարգ քարիզմատիկ չէր։ Նրանք ընդամենը ընտրեցին ժամանակացույց, շարունակեցին հաճախել և արեցին փոքր «կից» առաջարկներ։

«Ես ժամանակ չունեմ» և այլ առարկություններ

Ժամանակի առարկությունն ամենահալալն է, և պատասխանը հետևյալն է․ սա պահանջում է մեկ կանոնավոր ժամային տիրույթ, այլ ոչ թե ամբողջ կյանքի վերանայում։ Շաբաթական 2 ժամ, 3 ամսվա ընթացքում։ Եթե ձեր շաբաթվա մեջ չկա նման 2 ժամ, դա արդեն կարևոր բացահայտում է։

Եթե ինտրովերտ եք, պարբերականությունն ձեր օգտին է։ Ձեզնից չի պահանջվում լինել ուշադրության կենտրոնում կամ տպավորել առաջին իսկ վայրկյանից։ Ձեզնից պահանջվում է պարզապես ներկա լինել կանոնավոր կերպով։

Սկսեք մեկ կրկնվող զբաղմունք այս շաբաթ

Բացեք ձեր օրացույցը և գտեք այն 2 ժամը, որոնք կարող եք տրամադրել։ Ընտրեք մեկ զբաղմունք, որը հավաքվում է այդ ժամերին, ունի նույն կազմը, տևում է առնվազն 6 շաբաթ և թողնում է զրուցելու տարածք։ Նշեք հաջորդ 6 հանդիպումները որպես անհետաձգելի պլաններ։ Ապա որոշեք, որ հաճախելու եք բոլոր 6 անգամներն էլ՝ նախքան որևէ հետևություն անելը։

4-րդ կամ 5-րդ հանդիպման ժամանակ երկու հոգու առաջարկեք երկարացնել հանդիպումը 30 րոպեով։ Սա է ամբողջ ծրագիրը։ Մեծահասակների ընկերությունը հիմնականում լոգիստիկա է՝ դիմակավորված։ Լուծեք լոգիստիկան, և մնացածը տեղը կընկնի։

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Ինչպե՞ս են մեծահասակներն իրատեսորեն ընկերներ ձեռք բերում։

Տեսնելով նույն մարդկանց պարբերաբար, ապա անելով մեկ փոքր առաջարկ, որը դուրս է գալիս հիմնական ժամանակացույցից։ Ընտրեք կանոնավոր հանդիպող խումբ, հաճախեք 6 անգամ նախքան դատողություններ անելը, և 4-րդ կամ 5-րդ հանդիպմանը առաջարկեք խմբից 1-2 հոգու միասին սուրճ խմել։

Ի՞նչ է ընկերության 5-3-1 կանոնը։

Սա համացանցային կանոն է, այլ ոչ թե հետազոտական բացահայտում։ Այն նկարագրում է որոշակի թվով մակերեսային ծանոթներ, մի քանի մոտ ընկերներ և 1 ամենամոտ մարդ ունենալու պատկերացումը։ Սա գիտական հիմք չունի, այլ պարզապես առիթ է նայելու ձեր շփման շրջանակին։

Ի՞նչ է ընկերության 11-3-6 կանոնը։

Նույն պատասխանը, ինչ 5-3-1 կանոնի դեպքում․ չկա որևէ հավաստի հետազոտություն կամ հեղինակավոր աղբյուր։ Սրանք սոցիալական ցանցերում պտտվող հորինված թվեր են, որոնց պետք չէ վերաբերվել որպես պարտադիր թիրախի։

Ո՞ր տարիքն է ամենաբարդը ընկերներ ձեռք բերելու համար։

Չկա մեկ հստակ տարիքային պատասխան։ Ավելի կարևոր է այն, թե ինչ է փոխվել ձեր շաբաթվա մեջ։ Ընկերությունները ձևավորվում են այնտեղ, որտեղ կրկնվող շփումը կազմակերպված է ձեզ համար, որի պատճառով ամենաբարդ շրջանները տեղափոխության, աշխատանքի փոփոխության կամ ամուսնալուծության շրջաններն են։ Կառուցվածքն ավելի շատ բան է բացատրում, քան տարիքը։

Leave a comment