Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սրբոց Թարգմանչաց վարդապետների հիշատակության տոնը։ Օրը առանձնահատուկ խորհուրդ ունի Արագածոտնի թեմի համար, քանզի Սրբոց Թարգմանչաց տոնը Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու ուխտի օրն է, որտեղ ամփոփված է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճույնը:

Տարիներ շարունակ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում ձևավորված գեղեցիկ և բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Մաշտոցյան Մատենադարանից Առաջնորդանիստ եկեղեցի բերվեց Շուխոնց հրաշագործ Ավետարանը։

Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր, Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբոց Թարգմանչաց տոնի կարևոր և գեղեցիկ ավանդույթներից է նաև Օշականում թեմի հոգևոր դասի համախմբվելը՝ միասնական աղոթքով և Սուրբ Պատարագի խորհրդով վերանորոգելու իրենց հոգևոր ուխտը։

Սուրբ և Անմահ Պատարագը ընկալյալ կարգի համաձայն մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հայր Սուրբը որդիաբար իր երախտիքի խոսքն ասաց Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանին, ապա հավատավոր եւ ուխտավոր ժողովրդին փոխանցեց օրվա պատգամը։

Իր քարոզում Հայր Սուրբն ընդգծեց, որ Թարգմանչաց տոնը միայն անցյալի մեծերի հիշատակության օր չէ, այլ հայ ժողովրդի ինքնության, հավատքի և հոգևոր ժառանգության ամրապնդման հիշատակության օր է և հավելեց. «Թարգմանիչները միայն բառերի թարգմանիչներ չէին․ նրանք հավատքի, Աստծո Խոսքի և հոգևոր ճշմարտության թարգմանիչներ էին, ովքեր իրենց գործով հայ ժողովրդին փոխանցեցին Սուրբ Գիրքը և քրիստոնեական հավատքի լույսը։

Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով։

Ավետարանը կյանքի լեզվով թարգմանել՝ նշանակում է Աստծո Խոսքը ոչ միայն լսել և կարդալ, այլ այն դարձնել մեր կյանքի ուղեցույցը։ Այն պետք է երևա մեր ընտանիքում, մեր ընկերային հարաբերություններում, մեր խոսքի ու գործի մեջ, մեր վերաբերմունքի և ամենօրյա ապրումի մեջ։

Քրիստոնեական հավատքը պետք է տեսանելի լինի մեր կյանքում, որպեսզի մեր ապրած կյանքը դառնա Ավետարանի կենդանի վկայությունը»։

Սուրբ Պատարագին ուխտավորաբար մասնակցեցին Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, նաև իրենց սպասավորությունը բերելով Սուրբ Խորանին:


Սրբոց Թարգմանչաց հրաշազարդ տոնի առիթով կազմակերպվել էր նաև թեմական ուխտերթ՝ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցուց դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Առաջնորդանիստ եկեղեցի՝ «Սրբոց Թարգմանչաց բարեխոսությամբ՝ Ոսկեդարի հետքերով, դեպի Հայոց Թարգմանչաց սրբավայր» խորագրով:

Ուխտերթին և Սուրբ Պատարագին ներկա էին Արագածոտնի թեմի հոգևորականները, թեմի երիտասարդաց միությունների և համայնքների անդամները, միանձնուհիներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ: Հավատացյալները խոնարհությամբ մոտեցան հրաշագործ Ավետարանին՝ իրենց աղոթքն ու խնդրանքները բարձրացնելով առ Աստված և հայցելով Սրբոց Թարգմանչաց բարեխոսությունը։

Թող Սրբոց Թարգմանչաց բարեխոսությամբ զորանա հայ ժողովրդի հավատքը, մեր սրտերում նորոգվի Աստծո Խոսքով ապրելու ձգտումը, և նրանց լուսավոր ժառանգությունը շարունակվի փոխանցվել սերնդեսերունդ՝ որպես հավատքի, իմաստության և հոգևոր լույսի անսպառ աղբյուր։

Արագածոտնի թեմ

Leave a comment