Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվեց Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի ընկերը․ Օհանյանի տանը հայտնաբերվել է վկայի քարտը, նշում է՝ Գևորգ Հարությունյանին է պայուսակ տվել

«Փաստինֆո». Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, մեկնարկել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվեց Գոռ Իսկանդարյանը, ով պատմեց, որ տուժողներին՝ Վալոդյա Գրիգորյանին և Արծրուն Գալստյանին, համագյուղացիներ են եղել։ Մասնագիտությամբ վկան ատամնատեխնիկ է, բայց այժմ հոր հետ ընկերություն ունեն բեռնափոխադրումներ իրականացնող, այժմ դրանով է զբաղվում։ 2025թ․ սեպտեմբերի դեպքի ժամանակահատվածում քեռիի մոտ էր աշխատում՝ իր մասնագիտությամբ, բայց որպես այդպիսին գրանցված աշխատող չի եղել։ Աշխատանքային գրաֆիկն այդ ժամանակ առավոտյան 09։30-ից 18։00-ն էր, դեպքի օրը տանն էր, աշխատանքի չի եղել, երեկոյան ժամը 19։00-20։00-ից հետո խնջույքի է եղել, առիթ չի եղել, հավաքույթ էր, եղել է ինքը, իր ընկերը և ևս երկու անձ, որոնց անունը չցանկացավ նշել։

1 տարի առաջ դաժանաբար սպանվեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը. Թանդիլյան Ախտոյանի ընտանիքը վերադարձել է Մերձավան․ «Հրապարակ»

«Օրավարձով բնակարան էր՝ Երևանում, Պարոնյան փողոցի վրա։ Մինչև գիշերը ժամը 03։00-04։00-ի սահմանները, դրանից հետո իր բնակության հասցեն են գնացել ոստիկանության աշխատակիցները, մայրը տեղեկացրել է իրեն, որ ոստիկաններ են եկել, իրեն են հարցնում, չասացին, թե ինչու, ըստ երևույթին, իրենց էլ չեն ասել։ Փորձեցի հետաքրքրվել, բայց ոչ ընտանիքիս անդամներից, հեռախոսը փոխանցեցին աշխատակիցներին․․․Պայմանավորվել ենք Փարաքարում, որ հանդիպենք, ես ու Վարդանյան Արայիկը երևի 25 րոպեում հասել ենք արդեն»,- ասաց նա։

Նարեկ Օհանյանի տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է սպորտային պայուսակ, որում հայտնաբերվել է Իսկանդարյանի անվամբ հաճախելիության քարտ, ըստ վկայի՝ այդ քարտը, որով հաճախում էր, ունեցել է մինչև ծառայության մեկնելը՝ մինչև 2023թ․ վերջ․ «Ինձ հարցրել են՝ քարտը քոնն է, ասել եմ՝ իմ իմանալով այդ քարտը տունն է, հետո հիշել եմ, որ քարտս պայուսակի մեջ է եղել, որը տվել եմ Գևորգ Հարությունյանին՝ կամ արձակուրդի ընթացքում, կամ զորացրման։ 2024թ․-ին եմ տվել, ինքն է ուզել։ Զանգով է ուզել, որ իր խոսքով՝ պետք է իջներ քաղաք՝ հանդիպման։ Չեմ էլ խորացել, որովհետև նորմալ երևույթ է եղել։ Չէ, սպորտային պայուսակ չեմ շեշտել, փոքր «բարսետկա» էր»։ Մեղադրող Անդրանիկ Շահբազյանի հարցին՝ երբ է իմացել, որ քարտը մնացել է պայուսակում՝ վկան պատասխանեց՝ նշելով, որ ծառայությունից վերադառնալուց հետո, զանգով է իմացել կոնկրետ քարտի և պայուսակի մասին․ «Ասել է՝ նման բան կա, ասել եմ՝ դե պահի, ինչ եմ անում, ծառայության մեջ եմ, հետո, երբ արդեն զորացրվել եմ, պայուսակը ցանկացել է վերադարձնել՝ 2024թ․ նոյեմբերին, վատ վիճակում էր պայուսակս, ասել եմ՝ պահի քեզ, որովհետև հետո տղաներն ասել են, որ այդ ժամանակ գինու, կոնյակի գործարան կար, այնտեղ էր աշխատում, գործի մեջ էր օգտագործել պայուսակը, լավ վիճակում չէր, դրա համար չեմ վերցրել»։ Ըստ վկայի՝ Գևորգ Հարությունյանին ճանաչում է 3-4 տարի՝ մոտավոր 2022-2023թթ-ից, ընկերական հարաբերություններ են ունեցել։ Դեպքի կադրերը վկան տեսել է, հարցին՝ նմանեցրել է Գևորգ Հարությունյանին՝ վկան ասաց, որ չի էլ մտածել այդ ուղղությամբ, իմաստ չի տեսել, հիմա էլ չի նմանացնում՝ դեմքն է փակ։ Նարեկ Օհանյանի հետ վկան մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, հաճախ էին հանդիպում։ Հարցին՝ Նարեկ Օհանյանը երբևէ արտահայտվել է՝ եղբոր սպանության դեպքի մասին, վկան նշեց, որ ինքը Գրիգոր Օհանյանի հուղարկավորությանը, հոգեհանգստին էլ է ներկա եղել, այդքանով տեսել է, բայց իր մոտ չի արտահայտվել․ «Եղբայր է կորցրել, ինչ պետք է ասի»։ Մերձավանում, ըստ վկայի, բոլոր իր հասակակիցների հետ էլ ընկերություն է արել։

Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Հատկանշական է, որ ի սկզբանե պրոիշխանական քարոզչամեքենան, այդ թվում՝ իրավապահ մարմիններն առաջ մղեցին իբրև վենդետայի վարկածը և ձերբակալեցին Նարեկ Օհանյանին, որն, ըստ իրավապահների, վրեժխնդիր է եղել ամիսներ առաջ եղբոր սպանության համար, ավելի ուշ, ձերբակալվեց Գևորգ Օհանյանը, որին իրավապահները մեղադրում են սպանությունը կատարելու մեջ։ Մենք տեղեկացրել էինք, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։

Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետեւապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերեւս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։ Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment