Մենք ուտում ենք վատ սնունդ, մենք ուտում ենք չվերահսկվող սնունդ․ Հարություն Մնացականյան. «Ա1+»

«Ոչ թե մեր իշխանություններն են աշխատել տարբեր ուղղությունների արտահանման վրա, այլև՝ տնտեսվարողները։ Մեր տնտեսվարողներից շատերին ես եմ իմ կապերով օգնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանից արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման հնարավորություններին։

Նա «մանիպուլյացիա» է անվանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն հրապարակումները, թե 2026 թ․ հունվար-օգոստոսին դեպի ԵՄ արտահանումն աճել է շուրջ 70 տոկոսով, դեպի Հնդկաստան՝ 2,1 անգամ, Չինաստան՝ 76 տոկոսով, ԱՄԷ՝ 45-46 տոկոսով։

Պատգամավորի ներկայացմամբ՝ եթե ինչ-որ ուղղությամբ մեր արտահանումը կազմել է, ասենք, 100 հազար դոլար, 60 հազար դոլարով ավելացնելու դեպքում աճը կկազմի 60 տոկոս։ Այդպիսով՝ պետք է աճը ներկայացնել ոչ թե տոկոսով, այլ բացարձակ թվերով, որպեսզի իրավիճակը հասկանալի լինի։

Խոսելով արդեն մեր գյուղմթերքի որակի մասին՝ Հարություն Մնացականյանն ասում է, որ մենք ուտում ենք վատ սնունդ՝ առանց պետական վերահսկողության արտադրվող գյուղմթերք այն առումով, որ գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերները թունաքիմիկատներն օգտագործում են ըստ իրենց հայեցողության կամ խանութների վաճառողների խորհուրդներին համապատասխան, և ոչ թե թույլատրելի չափով։

Արդյունքում՝ մեր գյուղմթերքի մեջ թունաքիմիկատների առկայությունը թույլատրելի չափից ավելի է։
«Ամառ-ձմեռ ես ուտում եմ ջերմատներում աճեցված բանջարեղեն, որովհետև այնտեղ աշխատում են մասնագետներ, որոնք ամեն ինչ օգտագործում են թույլատրելիի սահմաններում»,- հավելում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment