Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններին և մեր պետականության շուրջ, այլևս հնարավոր չէ փաթաթել դիվանագիտական բառապաշարի կամ հանդարտեցնող թեզերի մեջ։ Մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ պետական շահն ու արժանապատվությունը ստորադասվում են օրվա քաղաքական կոնյունկտուրային։
Բաքվի բռնապետական ռեժիմի համար սեփական զինվորը ընդամենը գործիք է, մանրադրամ, որի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում։ Սակայն ողբերգությունն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը, սեփական վախերից ու հնարավոր կշտամբանքներից դողալով, ամեն ինչ անում է թշնամու ցանկացած քայլ արդարացնելու և հանրային արձագանքը լռեցնելու համար։
Ամեն օր մենք տեսնում ենք նոր «ֆոկուսներ», նոր մանիպուլյացիաներ, որոնց միակ նպատակն է թաքցնել անզորությունն ու պատասխանատվությունից խուսափելը։ Բայց հանրային հիշողությունը կարճ չէ, և պատմությունն ու իրավական համակարգը ի վերջո տալու են իրենց գնահատականը։
Ժամանակն է վերջ դնելու այս անհամարժեք զիջողականությանը։ Պետության անվտանգությունն ու արժանապատվությունը չեն կարող կառուցվել վախի և միակողմանի նահանջների վրա։