Քաղաքականություն
09.10.2026 | 14:15
«Յանդեքս» ընկերությունը հայտնել է Կալուգայում գտնվող իր տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, գրում է Meduza-ն։
«Յանդեքս»-ի հայտարարության մեջ նշվում է, որ «տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ամբողջությամբ շարքից դուրս են եկել»։ Ընկերությունը նախազգուշացնում է, որ դրա հետևանքով «Յանդեքս»-ի որոշ ծառայություններ կարող են ընդհատումներով աշխատել։ Նաև հավելել է, որ վնասի ամբողջական ծավալը դեռ պետք է գնահատվի։
Ավելի վաղ Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել մարզկենտրոնին և մի քանի մունիցիպալ շրջանների։ Նրա խոսքով՝ Կալուգայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ։ Մարզի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ օբյեկտներ են ենթարկվել հարձակման։
Հոկտեմբերի լույս 8-ի գիշերը ուկրաինացի զինվորականներն անօդաչու թռչող սարքերով հարվածել էին Ռյազանի մարզի Սասովո քաղաքում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։ Հրդեհ էր բռնկվել։ Մարդիկ չէին տուժել, սակայն տվյալների կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։
«Յանդեքս»-ի որոշ ծառայություններ, ինչպես նաև Սասովոյում դրա ենթակառուցվածքներից օգտվող ընկերությունների ռեսուրսներում աշխատանքի խափանումներ են գրանցվել։ Մասնավորապես, խնդիրներ են առաջացել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության, «Մեգաֆոնի» և մի շարք ռուսական լրատվամիջոցների կայքեր մուտք գործելու հետ կապված։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի