TV 5-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությանը այն մասին, թե իբր սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա տարելիցի օրը, TV 5-ի եթերում հեռարձակվել է Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի համերգը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վատ է երբ երկրի առաջին դեմքը չգիտի, որ Արսեն Գրգորյանը՝ Մրոն, Հայաստանի վաստակավոր արտիստ է, ավելի վատ է, որ ոչ բարով առաջին դեմքը, չգիտի հայկական ռազմական պարերի կամ երգարվեստի պատմությունը, իսկ ավելի սարսափելի է, երբ երկրի առաջին դեմքը, բացի համաշխարհային կարգի սուտասան լինելուց, նաև՝ խառնակիչ է:
Ուրեմն, որպեսզի արդարացնի հանրայինով սեպտեմբերի 27-ին հեռարձակած Թաթայի ժամ ու կեսանոց համերգը, նա այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նույն օրը մեր եթերով հեռարձակված «Գութան» պարի փառատոնին և նրա հիմնադիր, լուսահոգի Գագիկ Գինոսյանին նվիրված հաղորդմանը, ասելով որ 5-րդ ալիքով էլ տաշի տուշի է եղել, «մի պարել են պարե՜լ, պարում էին ու պարո՜ւմ»:
Մարդը չի հասկանում, կամ առնվազն ուզում է ցույց տալ, որ չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»: և վերջապես, ի՞նչ է ուզում ապացուցել ազգային երգ ու պարից, մարտապարերից ու ռազմի երգերից անտեղյակ մեկը, ով կրթահամալիրներում Մաշտոցի հայերեն առաջին գրավոր նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը փոխարինում է իր՝ «լավ սովորիր , որ լավ ապրես» անհասկանալի կարգախոսով: Ինչևէ, մարդը ամեն ինչին նայել և շարունակում է նայել իր՝ «երկրի հակառակ կողմից» և ջանք չի խնայում, որ մեզ նետի այդ հակառակ կողմը, որտեղ ավեր է, Սոդոմ Գոմոր, ողբ, խառնակչություն և անեծք, անեծք , անեծք….
Գրառումս ավարտեմ մեծ դասականից մեջբերմամբ.
«Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին,—
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»: