«Սուտ լուրեր տարածեցին, բայց համոզված եմ՝ բնակիչներս արդարության կողմնակիցն են լինելու»․ Սպիտակի ՔՊ թեկնածուն՝ մարդ ծեծելու մասին

Սպիտակի գործող քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանն այսօր քվեարկությանը մասնակցելուց հետո անդրադարձել է լրագրողների հարցին, որ մշտապես աչքի է ընկել միջադեպերով, ինչո՞ւ պետք է համայնքի բնակիչներն իրեն ձայն տան։

«Ճանաչելով խոշորացված համայնքի բնակիչներիս` համոզված եմ, որ արդարության կողմնակիցն են լինելու, գնահատելու են մեր հինգ տարվա կատարած աշխատանքները։ Ձեր հարցը, թե ինչի՞ պիտի ձայն տան՝ մանկապարտեզներ կառուցելու, դպրոցներ կառուցելու, ճանապարհներ կառուցելու համար։ Այն ամենը, որ շատ-շատերը չեն արել։ Շատ սիրել եմ իմ ժողովրդին ու սիրում եմ, սիրելու եմ, հարգելու եմ»,- ասաց նա։

Անդրադառնալով տեղեկությանը, որ ինքը համայնքապետարանում ծեծել էր գյուղի բնակիչներից մեկին՝ Քաջայր Նիկողոսյանն ասաց․ «Չէ, նման բան չի եղել։ Ամեն ինչ փորձել են, որ լրատվականներով նման սուտ լուրեր տարածվեն։ Վերջերս էլ տեսաք դատարանում, չէ՞, որ մեր հարցն էր քննվում, որ թեկնածությունս այլևս չլինի։ Բայց դա զուտ աշխատանքային հարաբերությունների հետ կապված էր, այսինքն՝ լուծվեցին աշխատանքային հարաբերությունները։ Այո, փորձում են այս հինգ տարիների ընթացքում, որ ինչ-որ այսպես լրատվականով ինչ-որ բաներ հայտարարեն, որը որ ճիշտ չի, մեզ հետ համահունչ չի էլի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ընտրություններից առաջ աշխատանքից ազատեց իր 4 ենթականերին, որոնք «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել, Նիկողոսյանն ասաց․ «Իսկ դուք ո՞նց եք ընդունում, կուսակիցն իրավունք ունի՞ կուսակցի հանդեպ նման քայլ անի։ Ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Ժողովուրդ ջան, աշխատանքային հարաբերություններ են դադարեցվել, մարդիկ անընդհատ ունեցել են խնդիրներ, ունեցել են բացակայություններ, կարգապահական տույժի են ենթարկվել։ Իսկ այն, որ մենք խոչընդոտել ենք քարոզարշավին կամ դա կարող է նախընտրական քայլ դիտվել, համաձայն չեմ դրա հետ։ Եթե դա լիներ նոյեմբերի 4-ից հետո, ես ձեր հետ համաձայն եմ։ Իսկ ձեզ ի՞նչ է թվում՝ մենք չենք հասկանո՞ւմ, այդ փաստաթղթերին չենք տիրապետո՞ւմ, իհարկե, տիրապետում ենք։ Տեսեք՝ եթե դա լիներ նախընտրական ինչ-որ քայլ կամ ինքը քարոզարշավին խոչընդոտող կամ ի օգուտ ինձ լիներ, մենք իրենց փոխարեն մինչ օրս նշանակումներ արած կլինեինք։ Մեզ պետք չէր այդ տեղերը, որ մենք մարդ նշանակենք, որ ինչ-որ քարոզարշավ իրականացվեր։ Ժողովուրդս է գնահատելու՝ այս ընտրություններով, իրենց քվեն տալով, մենք չէ, որ պիտի ազդենք նման ընտրությունների կամ քարոզարշավի վրա։ Որոշումները շուտվանից են եղել է, վատ են աշխատում մարդիկ»։

Քաջայր Նիկողոսյանը հայտարարեց, թե իրենք վարչական ռեսուրս չեն կիրառում։

Անդրադառնալով հարցին, որ դատարանի որոշում կա՝ իր որդին՝ Գոռ Նիկողոսյանը, տարիներ առաջ պայմանական ազատազրկման է ենթարկվել, քանի որ մարդ է ծեծի ենթարկել, բայց հիմա նա ընդգրկված է ցուցակում, Նիկողոսյանն ասաց․ «Տղայիս հետ կապված՝ հիմա մենք էլ երիտասարդ ենք եղել, տարիքային ինչ-որ բաներ կան, բոլորիս գլխով էլ մի բան անցնում է էլի։ Բայց հիմա ինչքա՞ն տարի է անցել՝ շուրջ չորս տարի, երեք տարի անցել է, բայց տղաս այն տղան է, որ շատ լավ տղա է մի խոսքով»։

Նա նաեւ հայտարարեց․ «Ես ձեզ ասեմ՝ Սպիտակում կարգ ու կանոն է հաստատված, բարոյահոգեբանական մթնոլորտը փոխված է։ Ունենալու ենք այն Սպիտակը, որն ունեցել ենք մինչ երկրաշարժ, այսինքն՝ համոզված եմ դրանում, այս աշխատանքները կատարելուց հետո, այս հարմարությունները ստեղծելուց հետո ժողովրդիս աչքերին նորից փայլ է գալիս»։

Սպիտակում ընդդիմադիր թեկնածուն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Ավետիսյանն է։ 

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment