Որ ապրանքատեսակներն են թանկացել, որոնք՝ էժանացել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026թ. Սեպտեմբերին՝ 2025թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6,2% գնաճ, իսկ 2026թ. օգոստոսի համեմատ՝ 0,1%: Տվյալները հրապարակել է ՀՀ Վիճակագրության կոմիտեն:
Ընդհանուր առմամբ, սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0,2%:
Առաջնային նշանակության ապրանքատեսակներից հացաբուլկեղենի համար 2025 թվականի սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,7 %, իսկ 2026 թվականի օգոստոսի նկատմամբ 0,5%:
Մսամթերքի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է. նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 10,5%, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ առկա է 0,5% գնաճ:
Շարունակում է բավականին բարձր մնալ տավարի մսի գինը, որը 2025-ի սեպտեմբերի համեմատ կազմում է 21,5%, իսկ այս ամիս նախորդի համեմատ աճել է 0,5%-ով:
Ոչխարի մսի դեպքում նախորդ տարվա նույն ամսի համեմատ գնաճը կազմել է 15,6 %, իսկ օգոստոսի համեմատ այն թանկացել է 1,2%-ով:
Խոզի մսի պարագայում, 2025 թվականի սեպտեմբերի համեմատ, առկա է 0,9% գնանկում, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,7%-ով:
Թռչնամսի համար էլ 2025-ի սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,8%: Նախորդ ամսվա համեմատ թռչնամիսը թանկացել է 1,6%-ով
Նկատելի գնանկում առկա է ձկնամթերքի պարագայում. 2025 թվականի սեպտեմբերի համեմատ այն նվազել է՝ հասնելով 13,9%-ի, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ՝ 5,7%-ի: Այս դեպքում 2025 թվականի համեմատ թարմ իշխան ձկան գինը նվազել է հասնելով 18,1%-ի:
Նախորդ տարվա համեմատ գնաճի բավականին բարձր տոկոս նկատվում է կաթնամթերքի ոլորտում (ներառյալ ձուն), որը 2026-ի օգոստոսին հասել է 11%-ի: Ընդգծենք, որ սա սննդամթերքի մյուս ոլորտների համեմատ ամենաբարձր գնաճ գրանցած ոլորտն է: Չնայած սրան ընթացիկ տարվա հուլիսի համեմատ այստեղ գնաճը այնքան էլ մեծ չէ և կազմում է 0,2%:
Կաթնամթերքի ոլորտում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է գնաճը կաթնաշոռի, պանրի, պաստերիզացված կաթի ու թթվասերի դեպքում, որն ընդհանուր առմամբ տատանվում է 7,0-8,8%-ի միջև: Նույն ժամանակահատվածի համեմատ՝ բավականին բարձր է ձվի գնաճի տոկոսը, որը կազմում է 23,8%: Այն ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ աճել է 0,2%-ով:
Պատկերն այլ է միրգ-բանջարեղենի պարագայում: Եթե միրգը 2025 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 7,3%, ապա այս տարվա օգոստոսի համեմատ առկա է 6,9% գնանկում: Բարձր են բանանի, ծիրանի և խնձորի գնաճը:
2025 թվականի սեպտեմբերի նկատմամբ աճել է բանանի գինը, որը կազմել է 25,3%: 2026 թվականի Օգոստոսի նկատմամբ բանանը թանկացել է 1,6 %-ով: Ծիրանը 2025 թվականի սեպտեմբերի նկատմամբ թանկացել է 24,2%-ով, իսկ խնձորը՝ 22,9%-ով:
Գնանկում է նկատվում դեղձի՝ 16,1%, նարնջի՝ 15,5%, ելակի՝15,0%, և ձմերուկի՝ 7,5%, պարագայում:
Բանջարեղենի դեպքում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,9 %, իսկ 2026-ի օգոստոսի համեմատ առկա է արդեն 5,1% գնաճ:
2025 թվականի սեպտեմբերի համեմատ թանկացել է կաղամբը՝ կազմելով 78,8 %, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 15,5%: Մյուս թանկացած բանջարեղենը սոխն է, որն այս տարի հասել է մինչև 8,3%-ի:
Այս տարի բանջարեղեններից նկատելի գնանկում կա վարունգի և սխտորի դեպքում, որը կազմում է 13,8%: Համեմատաբար նվազել է նաև գազարի գինը, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 11,3%:
Գնաճի բարձր տեմպեր նկատվում է նաև ծխախոտային արտադրատեսակների և ալկոհոլային խմիչքների ոլորտում: Այստեղ օղու դեպքում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գնաճը կազմում է 10,8 %, որն այս տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է 0,6%: Ծխախոտային արտադրատեսակների պարագայում 2025-ի սեպտեմբերի համար աճը կազմել է 6,9%, իսկ օգոստոսի համեմատ աճ չկա:
Թանկացում նկատվում է նաև ոչ պարենային ապրանքների շուկայում՝ մասնավորապես հագուստի, կոշիկի, կահույքի ու կենցաղային տեխնիկայի ապրանքախմբերի դեպքում, որը 2025թ սեպտեմբերի համեմատ կազմել է 2,4%, իսկ 2026թ. օգոստոսի համեմատ՝ 0,3%:
Բենզինի և դիզելային վառելիքի դեպքում գնաճ-գնանկում հարաբերակցությունը բավականին տատանվող է: 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ունենք բենզինի 11,4 % գնաճ, իսկ արդեն օգոստոսի համեմատ այն կազմում է 4,1%:
Դիզելային վառելիքի պարագայում ունենք այլ պատկեր: 2025 թվականի սեպտեմբերի հետ համեմատությամբ ընթացիկ տարվա սեպտեմբերի գնաճը կազմել է 28%, մինչդեռ օգոստոսի համեմատ գնաճը կազմում է 6,4%: