Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են երեք քաղաքացիական հագնված անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ ադրբեջանցիներ են եղել: Հետները զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները: Գյուղացիներից մեկը 24News-ին փոխանցել է, որ բացի հայկական ծառայություններից, նաև այդ անձանց փնտրելու գործին են միացել տեղի ռուսական ուղեկալի սահմանապահներն իրենց ԱԹՍ-ներով:

24News-ի հետ զրույցում Կուրիս բնակավայրի համայնքապետ Դավիթ Օհանջանյանը դեպքի մասին հստակ տեղեկություն չտրամադրեց, սակայն չհերքեց տարածված խոսակցությունները.

«Դա գիշերն ա կատարվել, իրավապահներին դիմեք»,- ասաց Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ ինքն էլ է լսել այդ մասին, սակայն նշեց, որ այս պահին գյուղում խուճապ չկա։

Հարակից գյուղերից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, նշելով որ արդեն մի քանի ժամ է փնտրում են, սակայն դեռ չեն գտել։

24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանից։ Վերջինս նշեց, որ դեպքի մասին տեղյակ չէ, և ուղղորդեց դիմել իրավապահ մարմիններին։

Լեհվազ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի դեպքի մասին՝ առաջարկելով այն ճշտել իրավապահ մարմիններից։

Leave a comment