Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 

Հասարակություն

09.10.2026 | 13:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում հեծանվով զբոսանքի ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում լսվում է ադրբեջաներեն երգ։ Տեսանյութում լսվում է նաև շատրվանների ձայնը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երաժշտությունը հնչել է տարածքում, այլ ոչ թե ավելացվել տեսանյութին առանձին։ Դրվագը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների և հայաստանյան սոցցանցերի օգտատերերի քննարկումների կենտրոնում։

Տեսանյութում հնչում է 2023 թվականի նոյեմբերին թողարկված «Aram Aram» երգը։  Կատարողը ադրբեջանցի երգչուհի Զեյնաբ Հասանին է։

Այն իրանական ծագում ունեցող երգի ադրբեջաներեն տարբերակն է։ Երգի օրիգինալ տարբերակը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այն կատարում է իրանցի հայտնի փոփ երգիչ Ռեզա Մալեքզադեն։

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքմենստանում նկարահանած տեսանյութին՝ նշելով, որ երաժշտական շատրվանի ֆոնին հնչում է ադրբեջանական «Aram Aram» երգը։ Մասնավորապես, Minval-ը, Caliber.Az-ը և Turkustan.az-ը շեշտել են տեսանյութում հնչող երգի ադրբեջանական ծագումը։ Իսկ Axar.az-ը հրապարակումը վերնագրել է՝ «Փաշինյանն իր առավոտը սկսել է ադրբեջանական երգով»։

Factor TV-ն դիմել է վարչապետի մամուլի խոսնակին՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված այս երգի ներքո տեսանյութ հրապարակելը։ Պատասխան ստանալուն պես կհրապարակենք։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցում է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Համատեղ լուսանկարահանման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ շփվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Անի Թամրազյան

Leave a comment