Կառավարելի լարում՝ համոզիչ շանտաժի համար

Հաճախ է հնարավոր լսել՝ հիմնականում Հայաստանի իշխանության կամ մերձիշխանական քարոզչական շրջանակից, որ Ալիեւի կամ Ադրբեջանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների, կամ պետական ակնառու հովանու ներքո գործող տարբեր ոչ կառավարական նախաձեռնությունների խոսույթին, հայտարարություններին մեծ ուշադրություն դարձնելով, դրանք բերվում են Հայաստան եւ դառնում Հայաստանում օրակարգ թելադրող։

Առնվազն տարօրինակ է այդ «հակափաստարկը» լսելը այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է պաշտոնապես օրակարգ ներառել Ադրբեջանի տարատեսակ պահանջները եւ անգամ սպառնում է հանրությանը, որ դրան դեմ արտահայտվելը կբերի պատերազմ։ Դե, իսկ Ադրբեջանի թելադրանքով Սահմանադրություն փոխելն ու Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը այդ ամենի «պսակն» է։ Ու այդ պարագայում փորձել Ադրբեջանի հավակնոտ հայտարարությունների հանդեպ հանրային ուշադրությունը փակել պատճառաբանությամբ, թե ադրբեջանական նարատիվները բերվում են հայաստանյան օրակարգ՝ կամ քաղաքական ու ինֆորմացիոն անմեղսունակություն է, կամ դրա վրա հաշվարկված նենգափոխում։

Իրերի այդ դրության պարագայում մասնավորապես հանրությունն ուշադրությամբ հետեւում է վերջին շրջանում Բաքվի վարքագծում որոշակի կոշտացումների հանգամանքին։ Դա տարակույս է առաջացնում, որովհետեւ Ադրբեջանը փաստորեն անհարմարություն է ստեղծում Հայաստանի իշխանության համար, կասկածի տակ դնելով «խաղաղության» խոսույթի հիմնավորվածությունը։ Ուշադրությամբ հետեւում է, որովհետեւ առերեւույթ այդ տպավորությունը թողնող վարքագծի խորքում կարող է լինել այլ մոտեցում՝ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման դեպքում հանրությանը շանտաժելու համար անհրաժեշտ հողի նախապատրաստում, «գործնական հողի» նախապատրաստում։

Պաշտոնական Երեւանը գրեթե չունի սահմանադրական հանրաքվեն անցկացնելու որեւէ իրատեսական շանս։ Հույսը թերեւս այն է, որ աշխատի շանտաժը՝ եթե չքվեարկեք նոր, առանց Անկախության հռչակագրի հղումի սահմանադրության օգտին, ապա կլինի պատերազմ։ Ու որպեսզի այդ շանտաժը լինի համոզիչ, հետեւաբար արդյունավետ՝ Բաքուն կարող է մտորել իրավիճակի «կառավարելի լարման» քաղաքականության մասին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment