Գիշերը Լիոնել Մեսսին անցկացրել է իր վերջին հանդիպումն Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Այս ընկերական խաղում աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցները մրցել են Բենինի թիմի հետ։
Մեսսին խաղադաշտ է դուրս եկել իր երեխաների ուղեկցությամբ։
Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտը, որն ունի 85 000 հանդիսականի տարողություն, լեփ-լեցուն է եղել։
Խաղի 10-րդ րոպեին հանդիպումը դադարեցվել է. երկրպագուներն ու խաղացողները, այդ թվում՝ մրցակից թիմի անդամները, ծափահարություններով հարգանքի տուրք են մատուցել ֆուտբոլի պատմության ամենահայտնի «10-րդ համարներից» մեկին։
Արգենտինան 3:0 հաշվով հաղթել է Բենինին, իսկ Մեսսին երկու գոլային փոխանցում է կատարել և 1 գնդակի հեղինակ դարձել։
Վերջին սուլիչից հետո տեղի է ունեցել 39-ամյա արգենտինացուն նվիրված հանդիսավոր արարողություն։ «Այսօր դժվար է ճիշտ բառեր գտնել. այնքան շատ են հույզերն ու մտքերը, որոնք պտտվում են գլխումս։ Առաջին մարդը, ում մասին մտածում եմ, հայրս է։ <...> Ավելի քան 20 տարի այս մարզաշապիկը կրելը հսկայական պատիվ էր։ Նույնիսկ ամենադժվար պահերին ես երբեք չեմ դադարել պայքարել, ճիգեր գործադրել, ինձ ամբողջությամբ նվիրել և միշտ թիմի կողքին լինել։ Անասելի ցավալի կլինի այլևս չգալ այստեղ։ Երդվում եմ՝ կցանկանայի ողջ կյանքիս ընթացքում շարունակել գալ այստեղ, քանի որ Արգենտինայի հավաքականում խաղալը ամենագեղեցիկ բանն է, որ կարող է պատահել մարդուն»,- ասել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը։
Լիոնել Մեսսիի միջազգային կարիերան տևել է 21 տարի։ Հավաքականի կազմում նա անցկացրել է 208 հանդիպում ու խփել 126 գոլ։