Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի հետ հանդիպմանն ասել է նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին։ Տեղեկությունը հայտնում է Իրանի արտգործնախարարի Telegram–ալիքը։
Հանդիպումը կայացել է Միրզոյանի` Թեհրան կատարած այցի ընթացքում:
ԻԻՀ արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների դրական միտումների շարունակման առիթով, ինչպես նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղ գործընթացի կայունացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ու համագործակցության ամրապնդմանը:
«Արաղչին նաև ընդգծել է տարածաշրջանի գործերին 3–րդ կողմերի ներկայության և միջամտության հետևանքով առաջացող հետևանքները և խնդիրները` նշելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանը, գոհունակություն հայտնելով Թեհրան կատարած այցի համար, ընդգծել է Իրան–Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և Իրանի հետ համագործակցության ընդլայնման` Երևանի հանձնառությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ստորագրումն էլ ավելի կխորացնի երկու երկրների միջև հարաբերությունները:
Նշենք, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳՄԱՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ Միրզոյանն Արաղչիին ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և խոսել այն հնարավորությունների մասին, որոնք այն կարող է տրամադրել տարածաշրջանի երկրներին: