Արաղչի․ Տարածաշրջանում խաղաղությունը կախված է 3–րդ կողմերի չմիջամտելուց (PAN.am)

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կախված են երրորդ կողմերի չմիջամտելուց, հայտնում է Sputnik Արմենիան Իրանի արտգործնախարարի Տելեգրամ ալիքի վրա հղումով:

«Արաղչին նաև ընդգծել է տարածաշրջանի գործերին 3–րդ կողմերի ներկայության և միջամտության հետևանքով առաջացող հետևանքները և խնդիրները` նշելով, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու կայունությունը կախված են հենց տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտության կանխումից»,– ասված է հաղորդագրության մեջ:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության ու հարաբերությունների դրական միտումների շարունակման կապակցությամբ։ Նա նաև հայտնել է, որ Իրանը պատրաստ է շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ «3+3» ձևաչափի շրջանակում՝ նպաստելու խաղաղ գործընթացի կայունացմանը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների և համագործակցության ամրապնդմանը։

Միրզոյանն իր հերթին գոհունակություն է հայտնել Թեհրան կատարած այցի կապակցությամբ՝ ընդգծելով Իրան-Հայաստան հարաբերությունների ռազմավարական բնույթը և Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Երևանի հանձնառությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ստորագրումն ավելի կխորացնի երկու երկրների հարաբերությունները։

Հանդիպման արդյունքների վերաբերյալՀՀ ԱԳՄԱ հաղորդագրության մեջ նշվել է, որ Միրզոյանն Արաղչիին ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և անդրադարձել այն հնարավորություններին, որոնք նախագիծը կարող է ընձեռել տարածաշրջանի երկրներին։

Leave a comment