«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին

Նախնական տվյալներով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Կուսակցությունը, սակայն, ստացած ձայների քանակի և տոկոսային հարաբերակցության վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել։

Նոյեմբերյան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Համայնքն ունի 25 հազար 65 ընտրող։

Նոյեմբերյանն ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից ղեկավարվող համայնքներից է։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը համայնքի ղեկավար է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին, իսկ 2023 թվականի ապրիլից կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։

Աղաբաբյանի նկատմամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Դատախազության փոխանցմամբ՝ դեռևս Կողբ համայնքը ղեկավարելու տարիներին Աղաբաբյանը պետական միջոցներով կառուցված և վերակառուցված պոմպակայանը 2018 թվականին շուրջ 200 հազար դրամով օրինականացրել է մասնավոր ընկերության օգտին։ Հետագայում պետությունը նույն գույքը հետ է գնել շուրջ 70 մլն դրամով։ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ 2026 թվականի հուլիսին գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։

Օգոստոսի 31-ին Աղաբաբյանը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր, ապա մի քանի ժամ անց ազատ արձակվել՝ երկրից բացակայելու արգելքով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղի պետ Մխիթար Խաչիկյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ «Անփորձանք» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Սիրադեղյանը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Նոյեմբերյան համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 66,63%-ը։

«Ապրելու երկիր» կուսակցության հրապարակած արդյունքները նախնական են։ ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները դեռևս ներկայացված չեն։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment